Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 67 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի ավելի քան 120,000 բնակչությանը: 

Ինչպես նշված է Արցախի Հանրապետության կառավարության տեղեկագրում՝ շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև: Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի է աշխատում 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ Ըստ տեղեկագրի՝ 6,828 երեխա այլևս չի կարողանում կրթօջախ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան կրթություն և խնամք ստանալու հնարավորությունից:

Արևմտյան Հայաստանը, հեռուստատեսության միջոցով բարձրաձայնելով այս խնդիրները, միջազգային կառույցների՝ հատկապես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուշադրությունն է հրավիրում այս խնդրի վրա։ Անհրաժեշտ է օր առաջ համապատասխան ջանքեր ներդնել Արցախի բնիկների իրավունքների լիակատար գործարկման ուղղությամբ։1920 թվականից ի վեր Արցախը Հայաստան պետության անբաժանելի մաս է, և մենք մեզ իրավունք ենք վերապահում այս խնդիրները մանրամասնորեն ներկայացնելու միջազգային հանրությանը։