Արևմտյան Հայաստանի զավակ, 13-րդ դարի 2-րդ կեսի կիլիկյան դպրոցի մանրանկարիչ և գրիչ Թորոս Ռոսլինը արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»։

Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն ընթացել է Հռոմկլայում, որտեղ այդ ժամանակ գտնվում էր կաթողիկոսական աթոռանիստը։ Հռոմկլայում պաշտոնավարած կաթողիկոսները մեծ ուշադրություն էին հատկացնում ձեռագրական մշակույթին, գրչության և մատենական նկարչության զարգացմանը։ Կաթողիկոսական ձեռագրատանը ձևավորված մանրանկարչության դպրոցը գլխավորն էր մյուս դպրոցների մեջ ու վճռական ազդեցություն ունեցավ կիլիկյան և ոչ միայն կիլիկյան գրքարվեստի հետագա զարգացման վրա։

Նկարիչը բարձր համբավ ուներ իր կենդանության օրոք. նա աշխատում էր արքայական ընտանիքի, իշխանների և բարձրաստիճան հոգևորականների պատվերով:

Կաթողիկոսական նստավայրի ավերումը 1292 թվականին, որտեղ անցել էր Ռոսլինի կյանքը, և 1375 թվականին Կիլիկյան թագավորության դիվանի կործանումը մայրաքաղաքի գրավման ժամանակ զրկեցին նոր ժամանակի պատմաբաններին, այդ թվում արվեստի պատմաբաններին, ոչ միայն քաղաքական բնույթի մեծարժեք նյութերից, այլև մշակույթի գործիչների հետ կապված վավերագրերից։ 

Ռոսլինի կենսագրության միակ աղբյուրը դարձան նրա ձեռագրերի հիշատակարանները։ Նկարչի ստորագրությամբ այսօր հայտնի յոթ աշխատանքը արվել են 13 տարում` 1256 թվականից 1268 թվականը ընկած ժամանակահատվածում։