Սկյութարի ճեմարանը հայ աշխարհիկ առաջին ճեմարանն է։ Հիմնադրվել է 1838 թվականին, Կոստանդնուպոլսի Սկյութար թաղամասում։ 19-րդ դարի 30-40-ական թվականներին լայն ծավալ էր ստացել կրթալուսավորական շարժումը, ուր ազգային նախակրթարաններն այլևս չէին կարողանում բավարարել կրթական գործի աճող պահանջները, և խիստ անհրաժեշտություն էր դարձել Արևմտյան Հայաստանում ազգային կադրեր պատրաստող բարձր մակարդակի կրթական հաստատություն ունենալը։
Շենքի նախագծման ու կառուցման գործը ստանձնել են Կոստանդուպոլսի արքունի ճարտարապետներ Հ․ Մերվերյանը և Կ․ Պալյանը։ Ազգային ճեմարանի (գիշերօթիկ) բացումը տեղի է ունեցել 1838 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ընդունվել է 50 աշակերտ (10-ը՝ անվճար)։ Ճեմարանն ունեցել է ներքին կանոնադրություն։ Դասավանդվել են հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն քերականություն և շատ այլ կարևոր առարկաներ, ինչպես նաև արհեստներ։
1840 թվականին Սկյութարի ճեմարանի աշակերտության, ուսուցչության և հասարակության ներկայացուցիչների միացյալ ժողովը որոշել է ստեղծել «Միակամ ընկերությունը», որն իր վրա էր վերցնում ճեմարանի հոգատարությունը։ Կոստանդուպոլսի հայոց պատրիարքը հաստատում է նոր հոգաբարձություն։ Սակայն, թուրք կառավարությունը ոչ միայն չի հաստատում հոգաբարձությունը, այլև ձերբակալում է նրա անդամներին։ Ի պատասխան այդ քայլի՝ 1841 թվականի օգոստոսի 24-ին տեղի է ունենում արհեստավորների ցույց, որին մասնակցում է ավելի քան 3 հազար մարդ։ Թուրք կառավարությունը ստիպված ազատ է արձակում կալանավորներին, իսկ հետո՝ առանձին-առանձին դատաստան տեսնում նրանց հետ։ 1841 թվականի հոկտեմբերի 3-ին ճեմարանը փակվում է, շենքը վերածվում է զինվորական հիվանդանոցի։ Երկարատև բողոքներից հետո այդ շենքը հայերին է վերադարձվում 1846 թվականին և թույլ է տրվում վերաբացել ճեմարանը: