1988-ի փետրվարի 20-ին Ստեփանակերտում Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին` նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ 

Մարզխորհրդի արտահերթ նիստը շարունակվեց մի ամբողջ օր: Այդ ընթացքում հազարավոր մարդիկ փողոցում, ձյան տակ սպասում էին նրա որոշմանը: Արդեն ուշ գիշեր էր, երբ ժողովրդական պատգամավորներն ընդունեցին պատմական որոշումը: Նրանք դուրս եկան սրահից` միանալով հանրահավաքի հազարավոր մասնակիցներին:

Ավելի ուշ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վաչագան Գրիգորյանն ընթերցեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ Խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշումը: 

ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը 110 դեմ և 17 կողմ ձայներով հետևյալ որոշումն է ընդունում․ «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը դրական լուծելու համար»:

Նույն օրը հանրահավաքների ալիքը ծածկում է Երևանն ու Արցախը։ Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց` ի աջակցություն արցախահայության: