Տարբեր ժամանակաշրջաններում Հայկական լեռնաշխարհ ներխուժած նվաճողները որդեգրել են տեղի բնիկ ժողովուրդների, այդ թվում և հայերի, բռնի ձուլման քաղաքականությունը, ինչի իրագործման հիմնական մեթոդներից է եղել բռնի կրոնափոխությունը կամ դավանափոխությունը։ 11-րդ դարում Հայկական լեռնաշխարհ և տարածաշրջան ներխուժած՝ իսլամ դավանող թյուրքական ցեղերի հիմնած պետություններում ձուլումն առավելապես ընթացել է բռնի իսլամացման միջոցով, որի զոհեր են դարձել տեղի բնիկ ոչ մուսուլման ժողովուրդները։ Հայերի բռնի կրոնափոխության համար կիրառվել են բազմապիսի մեթոդներ. ինչպես մահվան սպառնալիք, այնպես էլ հարկային, իրավական կոշտ հալածանքի քաղաքականություն և այլն։

Ընդունելով պարտադրված իսլամը՝ հայերի այդ հատվածը ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով կամա թե ակամա հեռացել է նաև մայր արմատից և քրիստոնեություն դավանող ազգակիցներից, ինչը, ի վերջո, հանգեցրել է նրանց մասնակի կամ լիակատար ձուլմանը։ Սրա գլխավոր պատճառներից է նաև այն, որ ինչպես անցյալում, այնպես էլ հաճախ մեր օրերում կրոնական պատկանելությունը գերադասվել է էթնիկ պատկանելությանը, և մարդկանց տարբերակել են համաձայն այդ սկզբունքի։ Ըստ այդմ՝ հայ և քրիստոնյա հասկացությունները նույնացվել են, և բացառվել է այլակրոն հայ հասկացությունը։ Արևելագետ Ալեքսան Խաչատրյանն այս առիթով նշում է. «Քրիստոնեությունը հայերի համար ոչ միայն դավանանք էր, այլև` աշխարհայացք, ազգային գոյության հիմք։ Այդ պատճառով էլ հավատափոխությունը միջնադարյան Հայաստանում գրեթե համազոր էր ազգային դիմախեղման։ Այլ կրոնին հարել նշանակել է ազգությունը փոխել։ Քրիստոնյա, ընդ որում՝ լուսավորչական, լինելը դիտվել է որպես հայության չափանիշ։ Դավանափոխությունը, հետևաբար, որակվել է որպես ազգուրացություն և դավաճանություն»:

Հայտնի փաստ է, որ հայերի բռնի իսլամացումը հատկապես մեծ ծավալներ է ընդգրկել թյուրքական ցեղերի Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ ներխուժելուց հետո: Կրոնափոխության առավել հարմար թիրախներից են համարվել երեխաները, որոնց իսլամացնելով վաղ տարիքում՝ կարելի էր ավելի հեշտ ջնջել ազգային և կրոնական դեռևս ձևավորվող ինքնագիտակցությունը: Հենց այս տրամաբանությամբ է գործել Օսմանյան կայսրությունում մեծ տարածում գտած և երկար դարեր կիրառված մանկահավաքի (դևշիրմե) ինստիտուտը, որն ունեցել է նաև «արյան հարկ» անվանումը։ Օսմանյան կայսրությունում հայերի իսլամացման վերջին լայնածավալ ակցիան տեղի է ունեցել 1915-23թթ. Հայոց ցեղասպանության տարիներին:

Ներկայիս Արևմտյան Հայաստանի կրոնափոխ հայության գերակշիռ մեծամասնությունը իսլամ է ընդունել պարտադրված՝ կյանքի և մահվան ընտրություն ունենալով։ Խոսելով Թուրքիայի ուծացած կամ այդ ճանապարհին գտնվող հայերի մասին` հաճախ բախվում ենք նրանց կարգավիճակի սահմանման վիճահարույց և, միևնույն ժամանակ, բազմաշերտ խնդրին։ Կարծում ենք` հարցի ճշգրտման համար արժե հաշվի առնել հետևյալ փաստարկները. Արևմտյան Հայաստանի իսլամացված հայերը ձուլման և ինքնության կորստի տարբեր աստիճաններում գտնվող մարդիկ են, բոլորը չէ, որ մաքուր հայկական էթնիկ նկարագիր ունեն, և եթե որպես ելակետ վերցնենք իսլամացված հայության և նրանց սերունդների շրջանում առկա որոշ երևույթներ և տեղի ունեցող գործընթացները, ապա պայմանականորեն նրանց կարելի է բաժանել երկու խմբի.

ա. Էթնիկապես մաքուր հայեր, որոնք պահպանել են ազգային-կրոնական (քրիստոնեական) սովորույթների, տոների, ծեսերի առանձին տարրեր, հաճախ մոռացել են լեզուն կամ կիրառում են «սիմվոլիկ հայերեն», բայց դեռևս, թեկուզև քողարկված ձևով, ունեն հայկական ինքնագիտակցության որոշակի տոկոս։ Նրանք գաղտնի շարունակում և փորձում են պահպանել այս ամենը, ձգտում դա փոխանցել իրենց սերունդներին։ Այս խմբին պատկանողները մասնագիտական գրականության մեջ անվանվում են ծպտյալ հայեր։

բ. Հայերի սերունդներ, որոնց նախնիները ստիպված իսլամացել են, նրանց գերակշիռ մասը գիտի և նույնիսկ ընդունում է դա, սակայն անհամեմատ ավելի քիչ են պահպանել ազգայինկրոնական սովորույթների տարրերը։ Այս նույն խմբում կարելի է ընդգրկել նաև մարդկանց, ովքեր ունեն հայկական ծագման որոշակի տոկոս, ում տատը կամ պապը հայ է եղել, և այդ հիշողությունը պահպանվել է նրանց մեջ։ Նրանք էլ հենց կազմում են խառնածինների այն մեծ բանակը, որի գոյության փաստը քննարկման ավելի լայն ոլորտներ է ընդգրկում ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Խառնածինների մի մասը հպարտությամբ խոստովանում է, որ ունի նաև հայկական ծագում, սակայն, միևնույն ժամանակ, հանդիպում են մարդիկ, որոնք տարբեր դրդապատճառներով կտրականապես ժխտում են իրենց հայկական ծագումը։ Ավելին. ըստ տարբեր աղբյուրների՝ նրանց շարքում կան ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների անդամներ. մեր կարծիքով՝ այս երևույթն ունի հստակ հոգեբանական կողմ։ Ուշագրավ է նաև, որ բռնի իսլամացված հայության և նրանց հետնորդների շրջանում տեղի են ունենում հետաքրքիր գործընթացներ, որոնք ներկայումս աճի միտում ունեն։

Արևմտյան Հայաստանի իսլամացված հայերի խնդրի անգամ մակերեսային դիտարկման արդյունքում ի հայտ եկած շատ փաստեր ինչ-որ տեղ թույլ են տալիս խոսել նրանց շրջանում պահպանված որոշակի հիշողության մասին, ինչը համապատասխան նպաստավոր պայմանների դեպքում տեսականորեն կարող է նրանց հնարավոր ինքնակազմակերպման բավարար հիմք դառնալ։ Ակնհայտ է, որ Արևմտյան Հայաստանում բնակվող բազմաթիվ ծպտյալ և իսլամացված հայերի շրջանում կա ազգային ակունքները պահելու ձգտում կամ գոնե դրանց հանդեպ հետաքրքրություն։ Սակայն Թուրքիայում իրենց գոյությունը պահպանած, ուրացման և ինքնության կորստի տարբեր մակարդակներում գտնվող հայերի սերունդների մեջ էթնիկ և կրոնական ինքնագիտակցության տարրերի գնահատման համար պարտադիր ու  կարևորագույն պայման է հստակ պատկերացնել և հաշվի առնել այն միջավայրը, որտեղ ապրում են նրանք։ Թուրքիայում և Օկուպացված Արևմտյան Հայաստանում, որտեղ հայ կամ ընդհանրապես ոչ մուսուլման լինելն այսօր էլ ծայրահեղ վտանգավոր է, դասական հայկականություն պահպանելը դժվար, եթե չասենք՝ անհնարին է, ոչ միայն Ստամբուլում, այլև անհամեմատ ավելի հետամնաց, հետադեմ արևելյան շրջաններում։ Արևմտյան Հայաստանի կրոնափոխ հայերի խմբերն ունեն խեղված հոգեկան և հոգեբանական վիճակ, ապրում են վախի և ենթագիտակցական վախի պայմաններում, ունեն երկու ինքնություն` արտաքին և ներքին աշխարհների համար։ Ուստի, այլակրոն հայերին ինչ-որ տեղ «մեղադրել» և հայ լինելու հայաստանյան չափանիշների մեջ տեղավորել-չտեղավորելուց առաջ պետք է հաշվի առնել այս ամենը, ինչը ենթադրում և պահանջում է նեղ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ։ Հայկական ինքնագիտակցության տարբեր շերտերի պահպանման ամենախոսուն ապացույցներից կարող է լինել այն փաստը, որ պատեհ առիթի դեպքում բռնությամբ և հարկադրանքով արմատից կտրված հայերը վերադառնում կամ գոնե փորձում են վերադառնալ իրենց արմատներին։ Ներկայիս Թուրքիայում բնակվող և մեր ուսումնասիրության շրջանակների մեջ մտնող ծպտյալ և իսլամացված հայությունը առավելապես ձևավորվել է հետևյալ խմբերից. 

• Հայերի ցեղասպանության ժամանակ՝ երբեմն միայն արտաքուստ, մուսուլմանություն ընդունած հայեր։ 

• Ցեղասպանության ժամանակ առևանգված, այնուհետև թուրքերի կամ քրդերի հետ ամուսնացած հայ կանայք և աղջիկներ։

• Ցեղասպանության ժամանակ մուսուլմանների կողմից բռնի որդեգրված հայ երեխաներ։ 

• Որոշ թվով հայեր, ովքեր ապաստան են գտել մուսուլման հարևանների կամ այլ մարդկանց մոտ։

 • Սահմանափակ թվով հայ արհեստավորներ և բացառիկ մասնագետներ, որոնք իսլամացել են իշխանության իմացությամբ և կամքով

Խոսելով Ցեղասպանության տարիներին հայերի իսլամացման մասին՝ թուրքական մի շարք աղբյուրներ շեշտում են, թե շատ հայեր նաև կամովին են իսլամ ընդունել։ Սակայն, ինչպես վերը նշվեց, պարտադրված «կամովինն» իրականում մահի և կյանքի միջև ընտրություն էր նշանակում: Որոշ թվով հայերի պարտադրվել է իսլամ ընդունել, բայց դա համատարած բնույթ չի ունեցել և չէր էլ կարող ունենալ, քանի որ թուրքական պետական մեքենան 1915-ին իրականում ցանկացել է բնաջնջել, այլ ոչ թե ձուլել հայերին։ 

Աշխեն Վիրաբյան