Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 18-ին դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից։
Համազեկուցողները հանդիպեցին Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։
«Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Սյունիք-Արցախ ճանապարհին։ Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում», — նրանց ասաց Կիմմո Կիլյունենը։
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են նաև Գորիսի տարածաշրջանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը։