Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի:
Ֆիլմի ռեժիսորներն են ազգությամբ հայ Արեն Փերդեջին և թուրք Էլա Ալմայանաջը: Վերջինները 2015-ին գլխավորել էին Հայերի ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայցնող թուրքական արտադրության առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Կորուսյալ թռչուններ»-ի ռեժիսորական աշխատանքը:
Դեռևս հայտնի չէ, թե ով է մարմնավորելու Գյուլերի կերպարը:
Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Կոստանդնուպոլսի Բեյօղլու թաղամասում։ Նա հայտնի է «Ստամբուլի աչք», «Ստամբուլի լուսանկարիչ», «Ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» պատվանուններով։ Գյուլերն իր գործունեության ընթացքում լուսանկարել է այնպիսի հեղինակավոր անձանց, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք։ Կոստանդնուպոլսում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղի է։ Արա Գյուլերը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին և հուղարկավորվել է Կոստանդնուպոլսի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատանը։