Միսաք Մանուշյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Սամոսատ քաղաքում: 1915թ. հայերի դեմ իրագործված ցեղասպանության  ժամանակ զրկվել է ծնողներից: Եղբոր հետ հայտնվել է Սիրիայում։ 1925թ. տեղափոխվել է Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա՝ Փարիզ: 1935-37թթ Փարիզում խմբագրել է «Զանգու» շաբաթաթերթը, որտեղ տպագրել է նաև իր բանաստեղծությունները: 1935թ-ից եղել է Հայ օգնության կոմիտեի, իսկ 1937թ-ից՝ ՀՕԿ կենտրոնական վարչության անդամ։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ մամուլում 1930-ականների սկզբներից։  Եղել է ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հեղինակել է բազմաթիվ հայրենասիրական, քաղաքական և քնարական բանաստեղծություններ: Երկրորդ Համաշխարհային պատերազմի առաջին ամիսներին, երբ Գերմանիան նվաճել էր եվրոպական մի շարք երկրներ, շատերի հետ նույնպես ձերբակալվել ու նետվել է համակենտրոնացման ճամբար: Երեք ամիս անց փախել է ճամբարից, վերադարձել Փարիզ և կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ ակտիվորեն մասնակցել գերմանական զավթիչների դեմ ֆրանսիացի հայրենասերների մղած պայքարին: 1943թ. նշանակվել է Փարիզի և նրա շրջակայքի ազատ հրաձիգների և պարտիզանական ինտերնացիոնալ ջոկատների հրամանատար ու մատնությամբ ձերբակալվել է, իսկ երեք ամիս անց իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում: 

Մանուշյանի անունով փողոցներ, դպրոցներ, պուրակներ են կոչվել Փարիզում, Մարսելում և Ֆրանսիայի այլ քաղաքներում, կանգնեցվել են հուշարձաններ:  Արժանացել է Ֆրանսիայի Ազգային հերոսի կոչման, հետմահու պարգևատրել Է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանով: 2009թ. Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» կինոնկարը: