Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհի շրջափակումը համարում է անօրինական, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքներից բռնազավթելու փաստի առիթով շեշտում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Էդուարդ Ֆիլիպը նաև շեշտում է, որ Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք: Հայաստան այցելած Էդուարդ Ֆիլիպը այս մասին շեշտեց՝ «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան:
Նա մասնավորապես նշեց․ «Արդեն 70 օրից ավել շարունակվող շրջափակումն անօրինական է և ոչ լեգիտիմ: Ադրբեջանն առանց պատճառի հումանիտար ճգնաժամ է ստեղծում, իսկ Ռուսաստանը ոչինչ չի անում խնդիրը լուծելու համար։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Բավականին երկար ժամանակ Եվրամիությունը շատ հեռու էր: Ես հիմա հանգիստ եմ, որ Հայաստանում տեղակայվում է ԵՄ առաքելությունը, որը կարող է դրական դեր ունենալ խաղաղ բնակչությանը հանգստացնելու համար: Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք, իսկ անհետ կորած անձանց ճակատագիրը պետք է պարզվի: Անհրաժեշտ է նաև լիարժեքորեն պահպանել ու պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը։ Դեռ շատ անելիքներ կան՝ խթանելու ֆրանս-հայկական հարաբերություններն ու համագործակցությունը»։
Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի հայտարարությունը, միևնույն ժամանակ հիշեցնելով որ Ֆրանսիան նույնպես Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և այդ մասով կան որոշակի պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն, Արեւմտյան Հայաստանի հայության իրավունքների պաշտպանության շրջանակներում։