Արևմտյան Հայաստանի Ալեքսանդրետ քաղաքը իր գոյության ընթացքում ձեռքից ձեռք անցնելով՝ տարբեր անուններ է ստացել, որոնք են՝ Ալեքսանդրետտե, Ալեքսանդրիա, Իսկենդերուն, Կատիսոն և այլն։ Ներկայումս՝ բռնազավթված Արևմտյան Հայաստանում կրում է Իսքենդերուն անվանումը:

Քաղաքը հիմնադրվել է մթա IV դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից՝ ի պատիվ պարսիկների դեմ տարած հաղթանակի։

1097 թ.-ին Ալեքսանդրետը գրավվեց խաչակիրների կողմից, իսկ այնուհետև այն մտավ Կիլիկիայի հայկական թագավորության կազմ։ Ըստ արաբ պատմիչ Մարկիզիի Ալեքսանդրետը եղել է Կիլիկիայի առաջին քաղաքը։

XVII դարում Ալեքսանդրետն արդեն անցել է թուրքական տիրապետության ձեռքը։ Քաղաքը գտնվում էր հարմար ծովախորշի ափին, դրա համար էլ քաղաքի դերը որպես նավահանգիստ՝ գնալով մեծանում է։ Մինչ 1915 թ.-ի Մեծ եղեռնի տարիները հայերը զբաղվում էին արհեստներով, այգեգործությամբ և պարտիզպանությամբ։ Քաղաքի մոտակայքում կան նավթի պաշարներ։ 

Քաղաքն ուներ եվրոպական ոճով կառուցված տներ։ Ալեքսանդրետում են գտնվում Քառասուն Մանկունք և Ս. Խաչ հայկական եկեղեցիները։ Քաղաքում կար 4 հայկական վարժարան։

Ալեքսանդրետի շրջակայքում կային հայաբնակ գյուղեր, որոնց ողջ հայությունը թուրքերի կողմից զանգվածաբար ոչնչացվեց 1915-1920 թթ.-ին։

2023 թվականի փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի արդյունքում հսկայական վնասներ կրեց նաև Ալեքսանդրետ քաղաքը, բազմաթիվ մարդիկ զոհվեցին, այդ թվում՝ հայազգի բնակիչներ: