Արևմտյան Հայաստանի Մարաշ նահանգում գրանցված երկու խոշոր երկրաշարժերից հետո, որոնցից տուժել են 11 նահանգներ, ևս երկու երկրաշարժ է տեղի ունեցել Կիլիկիայում (Հաթայի նահանգ)։ Դեֆնե գավառում գրանցված 6,4 մագնիտուդով երկրաշարժից հետո 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սամանդաղում։ 3 րոպե ընդմիջումներով գրանցված երկրաշարժերը զգացվել են բազմաթիվ քաղաքներում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ավելի վաղ զգուշացրել էր վթարային շենքեր մուտք չգործելու մասին։ Այնուամենայնիվ կան մեծ թվով վիրավորներ և 6 զոհ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնել են, որ վնասվել է Վագըֆլը գյուղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը և պատերը։ Վնասներ է կրել նաև նախկին հյուրանոցի պատը։
Երկրաշարժից տուժել է նաև Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքը։ Բնակչությունը լքել է իր բնակարանները։ Փետրվարի 6-ի երկրաշարժից արդեն իսկ վնասված Սուրբ Աստվածածին եկեղեցին ավելի է վնասվել։
Արևմտյան Հայաստանը հաշվի առնելով երկրաշարժի կրկնության վտանգը, հորդորում է մեր բնակչությանը պահպանել անվտանգության կանոնները, իսկ առավել հրատապ խնդիրների դեպքում կապ հաստատել մեզ հետ։