https://www.panorama.am/upload/1(226).jpg
Կիլիկիայում և Ասորիքի առափնյա շրջաններում հայերի ներկայությունը վկայված է Տիգրան Մեծի ժամանակներից: Եգիպտոսի մամլուքների արշավանքների և Մամլուքյան սուլթանության առաջին շրջանում (13-14-րդ դար) տեղի ունեցած ջարդերի և բռնությունների հետևանքով մեծապես տուժում են Անտիոքի շրջանի հայկական, հունական և ասորական գյուղերը։ Հալածանքներից և կոտորածներից զերծ մնալու նպատակով հայերը հանգրվանում են լեռնային Քեսաբում: Բուն Քեսաբում հայերի ներկայությունը վկայված է XVI դարում, բայց համայնքը վերջնականապես ձևավորվում է XVIII դարում: Օսմանյան տիրապետության շրջանում Քեսաբն ընդգրկվում է Հալեպի վիլայեթի կազմում, դառնում առևտրային տարանցիկ կենտրոն` կապելով Փոքր Ասիան, Կիլիկիան և Հյուսիսային Միջագետքը:

Քեսաբի հայաբնակ շրջանը (կենտրոնը՝ Քեսաբ գյուղաքաղաք) տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Հալեպի գավառում՝ Ալեքսանդրեթի, Անտիոքի ու Լաթաքիա քաղաքների մոտակայքում, Միջերկրական ծովեզերքից 3 կմ հեռավորության վրա:

Նախքան 20-րդ դարի սկիզբը

XX դարի սկզբին Քեսաբն ուներ շուրջ 8,000 հայ բնակիչ: Բացի բուն Քեսաբից, շրջանի 13 գյուղերից հայաբնակ էին 9-ը՝ Գալատուրանը, Դուզաղաջը, Էսկի Ֆրընը, Էսկյուրանը (Ներքին Գյուղ), Էքիզ օլուգը, Չագալճըգը, Չինարը, Պաղճաղազը, Քյորքունեն: Քեսաբի շրջանում գործում էր 8 հայկական եկեղեցի՝ իրենց դպրոցներով: Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ և արհեստներով:

Քեսաբը 1909 թ. Կիլիկիո կոտորածների ժամանակ

1909 թ. կոտորածների ժամանակ Քեսաբի հայերը կիսում են կիլիկիահայության ճակատագիրը: Ապրիլին Քեսաբի շրջան են ներխուժում մոտ 30 հազարանոց թուրքական զինված ջոկատներ։ Չնայած տեղացիների համառ դիմադրությանը թուրքերին հաջողվում է այրել Քեսաբի ծայրամասերից մեկը։ Հայերը ապաստանում են Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։

https://www.panorama.am/upload/7(80).jpg
Քեսաբի ջարդերից փրկվելու համար ութ օր շարունակ քարայրում ապաստանած հայ կանայք, երեխաներ, 1909թ

Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվում են դեպի Գարատուրան, այրում ու կողոպտում վերին թաղի տները։ Հայերը Գարատուրանի ծովափից անցնում են Բեդրուսիե թուրքական գյուղը, ապա Բասիթի ծովախորշ, որտեղից էլ ֆրանսիական «Նիժեր» փոխադրանավով տեղափոխվում են Լաթաքիա։

https://www.panorama.am/upload/2(209).jpg 
Քեսաբ, կոտորածների ժամանակ թալանված ունեցվածքի հետհանձնում, 1909թ.

1909 թ. դեպքերից մազապուրծ եղած Քեսաբի և շրջակա գյուղերի բնակիչները վերադառնում են և վերակառուցում իրենց տները։ Կողոպուտից հետո հայկական և օտարերկյա բարեգործական կազմակերպությունները շտապում են օգնության հասնել Քեսաբի շրջանի տուժած գյուղերի բնակիչներին։ Քեսաբ է այցելում նաև Կիլիկիո Հայոց կաթողիկոս Սահակ Բ Խաբայանը։

https://www.panorama.am/upload/6(108).jpg
Հայ գաղթականները Քեսաբից տեղափոխվում են Բազիթի ծովախորշ, 1909թ

Շուտով Քեսաբում բացվում է որբանոց, այրի կանանց միություն և մանուկների արհեստանոց։ Փորձ է արվում վերականգնել տնտեսությունը, մասնավորապես սկսվում է լայնածավալ շինարարություն։

https://www.panorama.am/upload/8(66).jpg
Քեսաբի ջարդերից փրկված ութից տասը տարեկան հայ որբ երեխաներ, 1909թ.

Քեսաբում և շրջակա գյուղերում վերակառուցվում են եկեղեցիները, դպրոցներն ու մշակութային բազմաթիվ այլ շինություններ, որոնք այսօր էլ կանգուն են։ Դրանցից շատերը դեռ շարունակում են ծառայել շրջանի հայությանը։

https://www.panorama.am/upload/3(192).jpg
Քեսաբի ջարդերից մազապուրծ եղած հայորդիներ, որոնք օրերով ապաստանել են լեռներում:

Քեսաբահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին

Քեսաբի հայ բնակչությունը մեծապես տուժում է և Հայոց ցեղասպանության տարիներին՝ անմասն չմնալով բռնի տեղահանությունից և գաղթից։ Տեղահանության հրամանը Քեսաբ է հասնում 1915 թ. հուլիսի 26-ին: Քեսաբահայությունը սկզբում որոշում է չհնազանդվել հրամանին և դիմադրել, սակայն ապարդյուն։ Քեսաբցիներին աքսորում են երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Աքսորի ճանապարհին զոհվում են շուրջ 5,000 քեսաբահայ: 70 քեսաբցի երիտասարդներ զինվորագրվում են ֆրանսիական բանակի կազմում ստեղծված Հայկական լեգեոնին՝ իրենց ավանդը ներդնելով Օսմանյան կայսրության պարտության գործում:

https://www.panorama.am/upload/4(165).jpg

Ժյուլ-Ֆերի գծային հածանավը 1450 հայ գաղթականների Քեսաբից տեղափոխեց Բազիթի ծովախորշ, 1909թ

https://www.panorama.am/upload/5(131).jpg
Քեսաբի վերաշինությունը

 

Ցեղասպանությունից փրկված քեսաբահայության մեծ մասը 1918թ. վերադառնում է իր բնօրրան` վերաշինելու ու զարգացնելու երբեմնի ծաղկուն բնակավայրը: Հայրենադարձ բնակչության հիմնական խնդիրը շարունակում էր մնալ ապահովությունը, ուստի կազմավորվում է կամավորների խումբ, որը գիշեր-ցերեկ շրջում էր գյուղում` պաշտպանելով խաղաղ բնակչությանը քեմալական սպաների հրոսակախմբերից: 1920 –ին Քեսաբում բնակվում էր 2,363, իսկ երեք տարի անց՝ 1923 թ.՝ շուրջ 3,5 հազար հայ: Այդ գործում մեծ էր Պողոս Նուբարի դերը, ով լինելով AGBU-ի հիմնադիր և ցմահ նախագահը մեծ ներդրում ունի Մերձավոր Արևելքում այդ թվում Քեսաբում հայկական գաղութների ստեղծման գործում։ Հետագա տասնամյակներին Քեսաբից և շրջակա գյուղերից ծայր առած արտագաղթի հետևանքով հայերի թիվը զգալիորեն նվազում է: 1946 թ. Քեսաբը դառնում է անկախ Սիրիայի Արաբական հանրապետության մաս: 1946-47 թթ. Քեսաբից և շրջակա գյուղերից Խորհրդային Հայաստան է հայրենադարձվում 2,4 հազ. (այլ տվյալներով՝ 3,8 հազ.) հայ: 1950-60 –ական թթ. Լիբանան, ԱՄՆ, Կանադա են տեղափոխվում հարյուրավոր հայ ընտանիքներ:

https://www.panorama.am/upload/9(49).jpg
Քեսաբի վարժարանի աշակերտուհիներ

Գավառակում մինչև 1950-60-ական թթ. եղած շուրջ մեկ տասնյակ զուտ հայաբնակ գյուղերից ներկայումս պահպանվել են Բաղջաղազը, Դուզաղաջը և Կարադուրանը:

https://www.panorama.am/upload/11(55).jpg
Քեսաբի հայկական արական սեռի տարրական դպրոցի առաջին շրջանավարտները տնօրենի հետ, 1912թ.

https://www.panorama.am/upload/10(38).jpg
Քեսաբի հայկական արական սեռի տարրական դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ

Քեսաբը շարունակեց մնալ Սիրիայի կարևոր հայկական գաղթավայրերից մեկը:

Նախքան 2014 թ. մարտի դեպքերը այնտեղ բնակվում էր շուրջ 1,500 հայ: Գործում էին հայ առաքելական Ս. Աստվածածին (հիմնվել է XIX դ.), հայ կաթոլիկ Ս. Միքայել Հրեշտակապետ և հայ ավետարանական Ս. Երրորդություն եկեղեցիները, Ազգային ուսումնասիրաց միացյալ, հայ ավետարանական Նահատակաց միացյալ և հայ կաթոլիկ Բարեհուսո վարժարանները, Ազգային Սահակյան սրահը՝ կիրակնօրյա դպրոցով:

https://www.panorama.am/upload/12(28).jpg
Քեսաբի իգական սեռի տարրական դպրոցի շենք

https://www.panorama.am/upload/13(32).jpg
https://www.panorama.am/upload/14(22).jpg

https://www.panorama.am/upload/15(22).jpg
Քեսաբ, մեր օրեր, լուսանկարները` Սամվել Կարապետյանի

Աղբյուր` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայք: