Կիլիկիայի ուսումնագիտական կենտրոններին հատուկ է եղել լեզուների ուսուցման բարձր մակարդակը, քանի որ աշխարհագրական դիրքը, ծովային առևտուրը օտար լեզուների իմացության անհրաժեշտ պահանջ է դառնում։ Կիլիկիայի թագավորները, անգամ թագուհիները մեծապես աջակցել ու հովանավորել են ուսումնագիտական ձեռնարկումները։ Մլեհ իշխանը հիմնադրել է Մեծքար ուսումնագիտական կենտրոնը, որի հետագա հովանավորն է եղել Լևոն Բ թագավորը։ Այս բնագավառին աջակցել ու հովանավորել են Հեթում Ա թագավորը և նրա կինը՝ Զաբել թագուհին։
Կիլիկիայի առանց ցնցումների գոյատևումը մեծ պատվար էր Հայաստանի, նրա մտավոր կյանքի պահպանման ու զարգացման համար։ Սերտ համագործակցություն գոյություն ուներ մշակույթի գրեթե բոլոր բնագավառներում, այդ թվում՝ կրթության ոլորտում։
Միջնադարյան համալսարաններում կամ բարձրագույն դպրոցներում աշխատում, ուսուցանում էին ժամանակի նշանավոր փիլիսոփաներ, աստվածաբաններ, մատենագիրներ, պատմաբաններ, բնական գիտության ներկայացուցիչներ։ Նրանք խոր ու բազմակողմանի գիտելիքներ էին տալիս իրենց սաներին։ Այդ դպրոցները միաժամանակ և՛ ուսումնական, և՛ գիտական կենտրոններ էին։
Արևմտյան Հայաստանում կրթության ոլորտում կատարվող առաջադիմությունն ընթանում էր ամբողջ երկիրը համակած մշակութային ընդհանուր վերելքի պայմաններում։