
Առանձին և լուրջ ուսումնասիրության թեմա է Ցեղասպանության ընթացքում առևանգված կամ ծնողների կոտորվելուց հետո մի կերպ փրկված հայ երեխաների հարցը։ Ինչպես վկայում են մի շարք աղբյուրներ, այդ թվում և թուրքական, Հայերի դեմ իրականացված ցեղասպանության տարիներին մեծ թվով հայ երեխաներ են առևանգվել թուրքերի և քրդերի կողմից:
Որբ մնացած հայ երեխաների մի մասն էլ օսմանյան իշխանությունների հրամանով և նախաձեռնությամբ բաժանվել է մուսուլման ընտանիքներին, ինչպես նաև հավաքվել են թուրքական որբանոցներում և իսլամացվել: Այս մասին վկայող փաստեր են պահպանված օսմանյան արխիվներում: Համադրելով տարբեր աղբյուրների ներկայացրած փաստերը՝ կարելի է եզրակացնել, որ Հայերի դեմ իրականացված ոճրագործության տարիներին հայ երեխաների բռնի իսլամացումն ու ձուլումը կատարվել են երկու մակարդակով՝ պետության և հասարակության լայն խավերի կողմից.
1. Ծնողներին կորցրած, կոտորածից մի կերպ փրկված, անտեր, անտուն, անխնամ մնացած հայ երեխաները պետության կամքով իսլամացվել են և բաժանվել մուսուլման ընտանիքներին:
Որպես վերը նշվածը հաստատող օրինակ կարելի է մեջբերել օսմանյան արխիվում պահպանված 1915թ. հուլիսի 10-ով թվագրված պաշտոնական հրամանը, որտեղ ասվում է, որ իսլամացված որբ հայ երեխաներին պետք է հանձնել բարեկեցիկ մուսուլման ընտանիքներին, հատկապես այն գյուղերում ու գյուղաքաղաքներում, ուր հայեր չկան: Եթե երեխաների թիվը մեծ է, նրանց պետք է հանձնել դժվարությամբ ապրուստը հոգող մուսուլման ընտանիքներին և ամեն երեխայի համար ամսական 30 քուրուշ վճարել նրանց: Պետք է ցուցակագրել այդ երեխաների թվի և գտնվելու վայրի մասին տվյալները, դրանք ուղարկել կենտրոն: Հատուկ նշվում է, որ այս երեխաները հանձնվում են այդ ընտանիքներին այն պայմանով, որ նրանց տրվի մուսուլմանական կրթություն:
Նույն բովանդակությամբ գրություններ հանդիպում են նաև հետագայում՝ ուղղված տարբեր նահանգների ղեկավարներին։ Ուշագրավ է այն, որ հրամաններում հատուկ նշվում էր, թե երեխաներին պետք է բաժանել հատկապես այն վայրերում, ուր հայեր չկան : Նպատակը, ըստ երևույթին, այն էր, որ հետագայում նույնպես այդ երեխաները հնարավորություն չունենան շփվելու իրենց ազգակիցների հետ և հեշտությամբ ձուլվեն ու իսլամանան: Բացի այդ, օսմանյան կառավարությունը, չնայած պատերազմական վիճակին, իր նախաձեռնությամբ հայ որբերին հավաքել է թուրքական որբանոցներում` իսլամացնելու և թուրքացնելու նպատակով։ Օսմանյան արխիվներում պահպանվել են երիտթուրքական պարագլուխ, ռազմական նախարար Էնվերի գրությունները՝ ուղղված ներքին գործերի նախարար Թալեաթին, որտեղ նա ցանկություն էր հայտնում և պահանջում, որ հայ որբերն ուղարկվեն հատկապես թուրքական որբանոցներ:
Էնվերի՝ ներքին գործերի նախարարությանն ուղղված 1916թ. մայիսի 9-ի գրության մեջ նշվում է. «Կրոնափոխ և ոչ կրոնափոխ հայ որբերին եթե վերցնեք մեր որբանոցները, ես պատրաստ եմ ռազմական բյուջեից հոգալու դրա համար անհրաժեշտ ծախսերը»: Կրթության նախարարության՝ Մարդինի նահանգապետարան ուղարկած 1916թ. հունիսի 1-ի ծածկագիր հեռագրում նշվում է, որ Մարդինի որբանոց պետք է վերցնել միայն իսլամացած հայ երեխաներին: Ավելի վաղ՝ 1916թ. ապրիլի 30-ին, անխնամ մնացած հայ կանանց և երեխաների վերաբերյալ ներքին գործերի նախարարության հրապարակած ընդհանուր հրամանի 3-րդ կետում հստակ նշվում էր. «Մինչև 12 տարեկան հայ երեխաներին վերցնել մեր որբանոցները»:
Կարելի է եզրակացնել, որ Էնվերի և մյուսների՝ հայ որբերին հատկապես թուրքական որբանոցներ վերցնելու շահագրգռվածությունը պայմանավորված էր նրանց իսլամացնելու և ձուլելու ցանկությամբ, քանի որ այդ տարիներին Օսմանյան կայսրության տարածքում գործում էին եվրոպական, ամերիկյան միսիոներական որբանոցներ ևս: Որբ հայ երեխաների իսլամացման և ձուլման հարցով հետաքրքրված մյուս բարձրաստիճան պաշտոնյան հայտնի երիտթուրքական պարագլուխլ Ջեմալ փաշան էր, որը զբաղվել է Սիրիայում և Լիբանանում գտնվող հայ որբերի հարցերով: Նրա նախաձեռնությամբ Ային Թուրա ֆրանսիական ճիզվիտական միսիային պատկանող մենաստանում ստեղծվել է որբանոց, ուր հավաքվել են հայ երեխաները՝ իսլամացվելու և թուրքացվելու նպատակով: Ջեմալը հատուկ Պոլիսից հրավիրել է պանթուրքիստ կին գրող Հալիդե Էդիբին, որը հայտնի է Ցեղասանության տարիներին հայ երեխաների իսլամացման և թուրքացման ակտիվ ջանքերով։
2. Հայ երեխաների իսլամացմանը և թուրքացմանը ներգրավված են եղել նաև թուրքական հասարակության լայն շրջանակները. Հայերի ցեղասպանության տարիներին թուրքերը և քրդերը առևանգել են բազմաթիվ հայ մանուկների և իսլամացրել:
Թուրքական կողմը, չկարողանալով ժխտել այս անառարկելի փաստը, միևնույն ժամանակ շրջանառության մեջ է մտցրել այն վարկածը, թե իբր «բարեգութ» թուրքերն ուղղակի հումանիստական զգացումներից ելնելով՝ «փրկել» են աքսորյալ հայ երեխաներին: Կողմ չլինելով բացարձակ գնահատականների՝ հնարավոր ենք համարում ընդունել, որ երբեմն, խիստ սակավ դեպքերում կարելի է չբացառել նման վարկածը, բայց գերակշիռ դեպքերում հայ երեխաներին խլել են բռնությամբ նրանց իսլամացնելու, թուրքացնելու նպատակով և առաջնորդվել են ոչ թե հումանիստական, այլ զուտ անձնական, նաև տնտեսական շահերով: Հասկանալու համար թուրքերի և քրդերի՝ աքսորյալ հայ երեխաներին «փրկելու» և իսլամացնելու շարժառիթները, մեր կարծիքով, ամենևին երկրորդական չեն իսլամա-թուրքական իրականության որոշ նրբերանգներ:
Խլելով և ձուլելով հայ երեխաներին՝ թուրքերը և քրդերը մի կողմից՝ ձեռք էին բերում ձրի աշխատուժ, մյուս կողմից՝ հատկապես հայ աղջիկ երեխաները համալրում էին նրանց հարեմները: Մի կարևոր նրբերանգ ևս՝ կապված իսլամա-թուրքական ամուսնական սովորույթների հետ, համաձայն որի՝ տղայի կողմն ուղղակի գնում է հարսին` նրա ծնողներին վճարելով որոշակի գումար: : Ձեռք բերելով հայ աղջիկ երեխաներին՝ մուսուլմանները, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ փաստեր, այնուհետև նրանց ամուսնացնում են իրենց տղաների հետ՝ այդպիսով խուսափելով նաև ամուսնական «գլխագին» վճարելու ծանր պարտականությունից:
Այժմ ևս Արեւթտեան Հայաստանում ծայր առած «էթնիկ ինքնության ճգնաժամի» քննարկման շրջանակներում ի հայտ են գալիս նոր փաստեր Ցեղասպանության ժամանակ առևանգված հայ երեխաների, հատկապես աղջիկների մասին, որոնց մուսուլմանների հետ ամուսնության հետևանքով ներկայիս Արեւթտեան Հայաստանում ձևավորվել է հայկական արյան որոշակի տոկոս ունեցող խառնածինների հոծ բանակ։
Շարունակելի․․․Western Armenia TV-ի լրագրող-վերլուծաբան Աշխեն Վիրաբյան