Տարագիր հայերի կրթական կառույցների շարքում ուրույն տեղ ունի հայկական Սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը:
Հայ ավետարանական ուսումնական հաստատություններն ունեցել են կարևոր դերակատարություն սփյուռքահայության կրթության ասպարեզում, ինչը լավագույնս արտացոլվում է Հայկազյան համալսարանի գործունեությունում:
Բեյրութի Հայկազյան համալսարանը հիմնադրվել է 1955թ., որպես քոլեջ, անգլերեն ուսուցմամբ: Այն իր անունը ստացել է ի պատիվ Կոնիայի ճեմարանի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի:
Սկզբնական շրջանում կրթօջախը կոչվում էր քոլեջ: 1966թ. մարտի 25-ին Լիբանանի կրթության նախարարությունը Հայկազյան քոլեջը ճանաչեց որպես բարձրագույն ուսումնական հաստատություն: Քոլեջի շնորհած արվեստի և գիտության բակալավրի աստիճանը հավասարեցվեց Լիբանանի համալսարանի շնորհած աստիճանին: Արդեն 1996թ. Հայկազյան քոլեջն իրավունք ստացավ իրականացնել մագիստրոսական կրթական ծրագրեր և կոչվել Հայկազյան համալսարան: Համալսարանի շրջանավարտները ստանում են բակալավրի և մագիստրոսի աստիճաններ, որոնք ճանաչված են Լիբանանի կառավարության և ամերիկյան քոլեջների ու համալսարանների միջազգային ընկերակցության կողմից:
Որպես բարձրագույն ուսումնական հաստատություն՝ մեծ է համալսարանի դերը Լիբանանի հայկական համայնքի կյանքում, որն արտահայտվում է ինչպես ուսանողներին ժամանակակից անհրաժեշտ գիտելիքների փոխանցմամբ, այնպես էլ նրանով, որ ապահովում է հայոց լեզվին, պատմությանն ու մշակույթին նրանց հաղորդակցությունը: