Հայերի դեմ իրականացված ոճրագործության տարիներին բռնի իսլամացված հայ երեխաների և մասնավորապես նրանց ազատման հարցով զբաղվել է նաև Ազգերի լիգան, որի որոշմամբ ստեղծվել է հետաքննող հանձնաժողով, որի զեկույցում նշված են բավական ուշագրավ փաստեր:

 «Հայ կանանց ու երեխաներին գերությունից ազատելու աշխատանքները դժվարանում էին թուրքական կողմից մշտապես հարուցվող խոչընդոտների հետևանքով: Մասնավորապես, քրիստոնյա երեխաներին պարտադրում էին մոռացության մատնել իրենց ծագումը, կեղծվում էին նրանց ծննդյան վկայականները, երեխաներին թուրքական անուններ էին տրվում: Թուրքական մանկատներում մեծ թվով երեխաներ կային, որոնք ներկայացվում էին որպես քուրդ, սակայն իրականում նրանք հայեր էին: Նույն դժվարությունները հարուցվում էին նաև գերյալ քրիստոնյա կանանց հայտնաբերելու և ազատագրելու հարցում:

նշանակում է «Ամրակազմների բանակ»։ Թուրքական աղբյուրները մանկահավաքության գործընթացը ներկայացնում են որպես Քարաբեքիրի «մարդասիրական զգացումների» դրսևորում։ Որոշ աղբյուրներ նշում են, թե վերոհիշյալ բանակում ոչ բոլորն են եղել հայ երեխաներ, հավաքվել են նաև հայերի կողմից սպանված թուրքերի, քրդերի որբ երեխաները։ Քարաբեքիրն իր հուշերում նշում է, որ 1922թ. «Երեխաների բանակի» թիվը հասել է 6000-ի: Հայտնի է նաև, որ «Գյուրբուզլեր օրդուսու»-ի շատ անդամներ հետագայում որոշակի դիրքեր են գրավել թուրքական զինվորական համակարգում: Ըստ պատմաբան Արսեն Ավագյանի՝ 1960-70-ական թվականներին նրանցից ոմանք կարևոր դիրքեր են զբաղեցրել թուրքական զինված ուժերում: «Երեխաների բանակ»-ի ներկայացուցիչներից են, օրինակ, գեներալ Մեմդուհ Թաղմաչը, որը 1968թ. եղել է Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, իսկ 1969-72թթ.՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Ջեմալ Թուրալը 1964-66թթ. եղել է ցամաքային ուժերի հրամանատար, 1966-69թթ` Գլխավոր շտաբի պետ, գեներալ Սեմիհ Սանջարը 1972թ. եղել ցամաքային ուժերի հրամանատար, 1973-78թթ` Գլխավոր շտաբի պետ: Օսմանյան Կայսրության  ազգայնականության ոգով դաստիարկված այս ենիչերիները ջնջված ազգային ինքագիտակցության շնորհիվ կարողացել են բարձր դիրքեր գրավել Թուրքիայի զինված ուժերի համակարգում, ինչը ոչ թուրքերի համար արգելված է առ այսօր։ Այս նույն թեմայի համատեքստում արժե մեջբերել Թուրքիայի ռազմական համակարգում բարձր դիրքերի և մեծ ճանաչման հասած Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի անունը։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ Սաբիհա Գյոքչենը լեգենդար անուն է շատ թուրքերի համար, Թուրքիայի առաջին կին օդաչուն է, ավելին` աշխարհի առաջին ռազմական կին օդաչուն, որը երկար տարիներ կարևոր դիրք է զբաղեցրել թուրքական ռազմաօդային ուժերի համակարգում, ճանաչվել է աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկը, ընդ որում՝ այս տիտղոսին արժանացած առաջին և միակ կինն է։ Սակայն ամենակարևոր հանգամանքը, որ հստակ առանձնացվում է նրա կենսագրության մեջ, այն է, որ 1938թ. Դերսիմի ալևիների ապստամբության ժամանակ ռմբակոծել է ապստամբներին, ինչը մեծապես օգնել է թուրքական բանակին` վերահսկողության տակ վերցնել Դերսիմը և ճնշել խռովությունը։ Ժամանակի թուրքական մամուլը բազմիցս անդրադարձել է «հերոս Աթաթուրքի» «հերոս աղջկան»։ Թուրքական պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Սաբիհա Գյոքչենը ծնվել է 1913թ. մարտի 22-ին Բուրսայում, հայրը Հաֆըզ Մուսթաֆա Իզեթն է, մայրը` Հայրիեն։ Վաղ տարիքում կորցրել է ծնողներին և մնացել ավագ եղբոր խնամքին։ Այնուհետև` 1925թ. Բուրսա ժամանած Քեմալ Աթաթուրքը որդեգրում է աղջկան և տանում Անկարա։ Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահի կամքով էլ Սաբիհան ստացել է զինվորական կրթություն։ Սակայն այլ և գերազանցապես հայկական աղբյուրները պնդում են, որ Սաբիհա Գյոքչենն իրականում Այնթափի Ջիբին գյուղից է և մեկն է այն հազարավոր հայ երեխաներից, որոնք Հայերի դեմ իրականացված ջարդերի  ժամանակ կորցնելով ծնողներին` հայտնվել են որբանոցներում։ Սակայն Սաբիհա Գյոքչենի վերաբերյալ աղմկահարույց նյութը, որը տպագրվեց 2004թ. փետրվարի 6-ին Ստամբուլի «Ակօս» թերթում, սպասվածից ավելի բուռն արձագանքի արժանացավ։ Թերթում հայաստանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանը հայտարարում էր, որ Սաբիհա Գյոքչենը իր հարազատ մորաքույրն է։ Այնուհետև նա ներկայացնում էր մոր, այսինքն` Սաբիհայի քրոջ պատմությունը։ Ըստ Հռիփսիմե Սեբիլջյանի մոր` Տիրուհու, իրենք բնիկ այնթափցիներ են, մայրը Մարիամ Սեբիլջյանն է, հայրը` Ներսես Սեբիլջյանը, որը սպանվել է 1915թ.։ Ինքը` Տիրուհին, ունեցել է հինգ եղբայր ու մեկ քույր` Խաթունը, որը հենց նույն Սաբիհա Գյոքչենն է։

Ջարդերից հետո մեծ ընտանիքը, ինչպես շատ ուրիշներ, ցրվել է, և Խաթուն ու Տիրուհի քույրերը հայտնվել են որբանոցում, որտեղից էլ Աթաթուրքը վերցրել է հետագայում հայտնի օդաչու Խաթուն Սեբիլջյանին կամ վերանվանյալ Սաբիհա Գյոքչենին։ Այս ամենը` ընդհուպ մինչև որբանոցում իր և քրոջ բաժանումը, հետագայում զավակներին է պատմել Տիրուհի Սեբիլջյանը, որը 1946թ. Սիրիայից Հայաստան գաղթելուց հետո էլ շարունակում էր փնտրել արդեն մեծ ճանաչում գտած քրոջը։ Սակայն նրա բոլոր փորձերն անհաջողության են մատնվում։ Սակայն, մեր կարծիքով, Սաբիհա Գյոքչենի հայ լինելը վկայող ամենավստահելի և արժանահավատ աղբյուրը թուրքահայ հայտնի լեզվաբան, պատմաբան Բարս Թուղլաջիի (Բարսեղ Թուղլաջյան) հայտարարությունն է։ Հայտնի է, որ նա ժամանակին մտերիմ հարաբերություններ է ունեցել Սաբիհա Գյոքչենի հետ ու «Ակոսի» աղմկահարույց հոդվածից և՛ առաջ, և՛ հետո պնդել է, որ իրականում հայտնի օդաչուն ևս իմացել է իր հայկական ծագման մասին։ Սաբիհա-Խաթունը նույնիսկ սովորել է մի քանի հայերեն բառ, որոնք օգտագործել է Բարս Թուղլաջիի հետ զրուցելիս։ Երբ համադրում ենք այս փաստերը, որոնք աննշան շեղումներով համընկնում են, հավանական է դառնում, որ իրականում Աթաթուրքի հոգեզավակը հայուհի է և ջարդերի ժամանակ հազարավոր իսլամացված որբերից մեկը։ «Ակօս»-ում տպագրված «Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը» հոդվածի հեղինակներն էին Հրանտ Դինքը և Տիրան Լոքմագյոզյանը։ Հենց այդ հրապարակումից հետո Թուրքիայում սկսվեց հալածանքների և քննադատությունների մեծ ալիք, որը հետագայում բևեռվեց Հրանտ Դինքի անվան շուրջ։ Հոդվածը մի քանի օր հետո արտատպեց թուրքական «Հյուրիյեթ» թերթը, այն երկար ժամանակ մնաց թուրքական մամուլի, քաղաքական գործիչների, հասարակության ուշադրության կիզակետում։ Բանը հասավ այնտեղ, որ պաշտոնական խիստ հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի Գլխավոր սպայակույտը։ Սակայն, եթե զերծ մնանք անհարկի զգացմունքայնությունից, ապա կարող ենք ասել, որ Սաբիհա Գյոքչենը կամ Խաթուն Սեբիլջյանն իր կենսագրությամբ և ռազմաօդաչուական գործունեությամբ, որքան էլ կոպիտ հնչի, համապատասխանում է ենիչերի ձևակերպմանը։ Նա վաղ հասակում թուրքացվել ու իսլամացվել է, նրան տվել են ռազմական կրթություն և դաստիարակել «թուրքերի հոր» աղջիկը լինելու հոգեբանությամբ։ Ազգային ինքնագիտակցության այն ենթադրյալ առկայծումները,  որոնց մասին վկայում են տարբեր աղբյուրներ, միշտ ստորադասվել են թուրքական առաջին օդաչուի, այլ խոսքով` ենիչերիի կերպարին։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Հայերի դեմ իրականացված ջարդերի տարիներին հայ որբերի բռնի իսլամացումը կրել է պետական քաղաքականության բնույթ և գտնվել բարձրաստիճան թուրք ղեկավարների ուշադրության կենտրոնում։ Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ թուրքական իշխանությունների այս քայլի մասին ՄԱԿ ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի 5-րդ կետը հստակ նշում է, որ ցեղասպանություն է համարվում մեկ էթնիկ, կրոնական խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխելը:

Շարունակելի․․․

Աշխեն Վիրաբյան