
Բռնի կրոնափոխված հայերի շրջանում տեղի են ունենում տարատեսակ գործընթացներ, որոնցից մի քանիսն արժանի են հատուկ ուշադրության։ Դրանց թվին է պատկանում քրիստոնեություն վերընդունելու կամ կրոնադարձման երևույթը։ Այս խնդիրը գտնվում է նաև թուրքական տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։ Մասնավորապես, ներկայիս թուրքական իշխանությունների նախաձեռնությամբ վերջին տարիներին հանգամանալից հետազոտություն է կատարվել Արեւմտեան Հայաստանի իսլամից հրաժարված և այլ կրոն, հիմնականում՝ քրիստոնեություն ընդունած քաղաքացիների մասին: Խնդիրը քննության է առնվել նաև միսիոներական շարժման ակտիվացման համատեքստում։ Ներկայացված է, թե Թուրքիայում եկեղեցու վերածված ինչքան տներ են գործում, քանի Ավետարան է բաժանվել մարդկանց և այլն: Սրանով փորձ է արվել պատասխանել նաև բավական աշխույժ քննարկվող «քրիստոնեություն ընդունող թուրքեր» խնդրին, և, ի վերջո, եկել են այն եզրակացության, որ կրոնափոխվածների գերակշիռ մասը ոչ թե թուրքեր են, այլ Արեւմտեան Հայաստանում ապրող այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ (հայեր, հույներ, ասորիներ):
Մանրակրկիտ ուսումնասիրվել են բնակչության գրանցամատյանները՝ ավելի քան 100 տարվա ընդգրկմամբ, որպեսզի տրվի այս հարցերի հստակ պատասխանը: Արդյունքում՝ հայտնի են դարձել նաև հայերիս համար հետաքրքիր որոշ տվյալներ. այսպես, պարզվել է, որ 1916-2004թթ. Թուրքիայում իսլամից պաշտոնապես հրաժարվել է մոտ 2000 քաղաքացի, մանրամասն ուսումնասիրությունն ի հայտ է բերել, որ նրանց մեծ մասը կամ ավելի կոնկրետ՝ 1340-ը, ծագումով հայեր են, որոնք վերընդունել են քրիստոնեություն1: Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ վերոնշյալ 1340 հայերը ոչ թե կրոնափոխ են, այլ կրոնադարձ, քանի որ բնակչության գրանցամատյանների ուսումնասիրության ընթացքում (ընդ որում՝ նաև օսմանյան ժամանակաշրջանի) վեր է հանվել կրոնադարձների մինչև 3-րդ, 4-րդ սերնդի նախնիների էթնիկ և կրոնական պատկանելությունը։ Պարզվել է, որ հիշյալ մարդիկ ծագումով հայեր են, որոնց նախնիները Հայոց ցեղասպանության ժամանակ արտաքուստ ընդունել են իսլամ, որպեսզի ազատվեն աքսորից ու կոտորածից, իսկ իրականում շարունակել են գաղտնի պահել քրիստոնեական ավանդույթները, այլ խոսքով՝ ծպտյալ հայեր են: Ուսումնասիրությունում ամենայն մանրամասնությամբ ներկայացված է անգամ կրոնադարձության աշխարհագրությունը: Այսպես, կրոնադարձությունն ավելի շատ կատարվել է Պոլիսում, որին հետևում են Դիարբեքիրը, Ադըյամանը, Բաթմանը, Սեբաստիան, Դերսիմը և Մալաթիան:
Պոլիսում կրոնադարձությունն ուսումնասիրել են նաև ըստ թաղամասերի, և արդյունքում պարզվել է, որ կրոնադարձներն ավելի շատ գրանցված են Պոլիսի Ֆաթիհ թաղամասում (մոտ 150 մարդ), որին հետևում են Շիշլի և Էմինօնյու թաղամասերը: Ավելորդ չի լինի ներկայացնել նաև «ծպտյալ» հայերի կրոնադարձության մի քանի կոնկրետ փաստ, որոնք տեղ են գտել հիշյալ աղբյուրներում: Դրանցից պարզ է դառնում, որ երբեմն կրոնադարձվում են ամբողջ ընտանիքով, ազգականներով: Ի դեպ, գրեթե բոլոր կրոնադարձված հայերին ներկայացնելիս տրվում է նաև նրանց տոհմածառը, և հետաքրքիր օրինաչափությամբ ծնողների, երբեմն էլ պապերի ու տատերի ոչ հայկական անուններին հետևում են արդեն ավելի ավագ սերնդի նախնիների հայկական անունները։ Ժամանակագրորեն դասակարգելու պարագայում ցեղասպանությունից առաջ ծնվածների գերակշիռ մասը կրում է հայկական, իսկ արդեն 1915-ից հետո՝ գերազանցապես ոչ հայկական անուններ, այսինքն՝ սրանով կարելի է պատկերացում կազմել նաև առերես իսլամացած հայերի ծպտյալ կյանքի սկզբնավորման ժամանակաշրջանի մասին.
- 1971 թվականին Թունջելի (Դերսիմ) նահանգի Դոլուքյուփ գյուղում գրանցված, 1947թ. ծնված էթնիկ հայ Սեֆեր Աքյուզը, որ շրջապատում հայտնի է եղել որպես մուսուլման, դիմելով քաղաքացիական հարցերով Պոլիսի 1-ին ատյանի դատարան, հրաժարվել է իսլամից և ընդունել քրիստոնեություն: Այնուհետև մի քանի տարվա ընթացքում նույն ընտանիքից 34 հոգի ևս ընդունել են քրիստոնեություն:
- 1995 թվականին Յոզղաթ նահանգի Բողազլըյան գավառում գրանցված Հաջի Սարըքայան ընդունել է քրիստոնեություն, իսկ նրանից մի քանի տարի առաջ և մի քանի տարի հետո նույն քայլին են դիմել նաև նրա 14 ազգականները: Վերջինը քրիստոնեության է դարձել Օզնուր Սարըքայան, 2003 թվականին:
- Սասունում գրանցված Զենգիլների ընտանիքից 1975- 2003թթ. 9 մարդ ընդունել է քրիստոնեություն:
- Պատահում է նաև, որ կրոնի հետ միասին փոխում են նաև անունները և վերցնում հայկական անձնանուններ: Օրինակ, Էլյազիգի նահանգի Քեբան գավառում գրանցված Թյուրքան Աքջան, 1995 թվականին ընդունելով քրիստոնեություն, փոխում է նաև անունը՝ դառնալով Մարիամ Սարգսյան:
- 1993 թվականին Թունջելիում գրանցված 84-ամյա Մուսթաֆա Աթեշը, որը մասնակցել է նաև 1937թ. Դերսիմի ապստամբությանը՝ «դարբին Մուսթաֆա» անունով, վերադարձել է քրիստոնեության: 6. Կրոնադարձվածների ցուցակում մեր հանդիպած տարիքով ամենափոքրը 2004 թվականի փետրվարի 19-ին ծնված Մելիսա Չաքըրն է, որի ծնողների (Սյուզան և Սարգիս)՝ 2004 թվականի մայիսի 27-ի դիմումի համաձայն, փաստաթղթերում փոխվել է նրա կրոնական պատկանելությունը:
Սակայն պատահում է նաև, որ միևնույն ընտանիքից կրոնադարձվում են ոչ բոլորը, և ստացվում է տարօրինակ պատկեր, երբ, օրինակ, հինգ եղբայրներից երեքը, բացահայտելով իրենց հայկական ծագումը, ընդունել են քրիստոնեություն, իսկ մյուս երկու եղբայրները շարունակում են մնալ մուսուլմաններ:
Թուրքական աղբյուրները մի հետաքրքիր նրբերանգի վրա էլ են ուշադրություն հրավիրում՝ արձանագրելով, որ ծպտյալ հայերը ձգտում են ձեռք բերել մեկից ավելի գրանցում, բացի այդ, հաճախ փոխում են գրանցումը՝ փորձելով «կորցնել հետքերը»: Հայտնի է, որ թուրքական համապատասխան գերատեսչություններում կրոնափոխ, որդեգիր հայերն ու նրանց սերունդները հատուկ գրանցված են, ինչն արված է նաև այն նպատակով, որպեսզի իշխանությունների համար անվստահելի այս խմբին պատկանող մարդիկ պատասխանատու պաշտոններ չգրավեն և մնան մշտական հսկողության տակ:
Շարունակելի․․․
Աշխեն Վիրաբյան