Երիցմանկանց վանքը պատկանում է 17-րդ դարին, գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում։ Միջնադարյան հայ եկեղեցաշինության փայլուն օրինակ է։ Կառուցվել է 1691 թվականին, պատմական Ջրաբերդում։ Վանքը հիմնվել է Մելիք-Իսրայելյանների կողմից։
Երիցմանկանց վանքի բնակելի սենյակներից շատերը փլված են, իսկ մնացածները, որոնք ոչ հեռու անցյալում օգտագործվում էին, դեռ կանգուն են։ Եկեղեցին կառուցող ճարտարապետը Սարգիսն է, որի առանձին արձանագրությունը գտնվում է ներսում, բեմի հյուսիսային կողմի պատին։
Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1992 թվականի հունիսին Ադրբեջանի կողմից Գյուլիստանի գրավումից հետո տեղի շուրջ 14 հազար հայ բնակչությունը ոտքով ճանապարհվեց դեպի Մարտակերտի շրջան։ Այդ խմբից մոտ 2-3 հազարը անտառներով անցնելու ժամանակ հասնում են Երիցմանկանց վանք և ապաստան գտնում վանքի տարածքում՝ մինչև օգնական խմբերի ժամանումը։
Եկեղեցու գմբեթն ամբողջովին կառուցված է սրբատաշ կաթնագույն քարից։ Բազմաթիվ և գեղեցիկ քանդակների մեջ հատկապես արժե հիշատակել արևի ժամացույցը՝ քարի վրա կերտված։