1988 թվականի փետրվարի վերջին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում վայրագ իրադարձություններ տեղի ունեցան. հայերի զանգվածային ջարդեր՝ ազգային պատկանելության պատճառով:
Փետրվարի 27-ին Բաքվից ընդամենը 25 կմ հեռավորությամբ գտնվող քաղաքում մի քանի հազար ադրբեջանցի ազգայնականներ սկսեցին ավերել քաղաքի հայ բնակչության տները, սպանել նրանց: Միայն պաշտոնական տվյալներով, կտտանքներից և ծաղրի ենթարկելուց հետո Սումգայիթի 32 հայ բնակիչ է սպանվել, հարյուրավորները ծանր վնասվածքներ են ստացել, հաշմանդամ դարձել:
1988 թվականի փետրվարի 27-29-ի սումգայիթյան ջարդերին, որի մասին Ադրբեջանում լռում են, հետևեցին Կիրովաբադի եւ Բաքվի ջարդերը, Շահումյանի շրջանի ողջ բնակչության արտաքսումը, պատերազմի հրահրումը։ Այս ամենը ի պատասխան Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրացման պահանջի:Սումգայիթի ու Ադրբեջանի պետական, կուսակցական և իրավապահ մարմինները չարձագանքեցին քաղաքում տեղի ունեցած աննախադեպ անկարգություններին և հրապարակային բռնություններին: Ավելին, բազմաթիվ վկայություններ կան իրավապահ մարմինների կողմից ջարդարարներին հրահրելու և օժանդակելու վերաբերյալ: Սումգայիթի հայերից շատերը վկայում են բնակշահագործման գրասենյակի կողմից կազմված հայերի բնակարանների ցուցակների առկայության,ինչպես նաև իրավապահ մարմինների և բժշկական հաստատությունների կողմից աջակցություն ցուցաբերելուց հրաժարվելու մասին։ Սումգայիթի կոտորածի վերաբերյալ ճշմարտությունը լռության մատնելը, դրա չափերն ու իրական պատճառները թաքցնելը և իսկական կազմակերպիչներին անպատիժ թողնելն ուղի հարթեցին Ադրբեջանի ողջ տարածքով էթնիկ զտումների իրականացման համար։
Արևմտյան Հայաստանը արձանագրում է, որ սա թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական ցեղասպանական ակտն էր, Արևմտյան Հայաստանի տարածքում իրականացված ցեղասպանությունիցց հետո։ Այժմ նույն ցեղասպանական քայլերը կատարվում են Արցախում՝ փորձելով հայաթափել և վախի մթնոլորտ տարածել այնտեղ, էթնիկ զտման նպատակներով։