Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահների ներկայությամբ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնում են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Սյունիքի տարածաշրջաից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ: Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Բերձորի ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Արցախում իրականացվում էին հովհարային անջատումներ, քանի որ տեխնիկական պատճառներով դադարեցված էր էլեկտրամատակարարումը դեպի Արցախ, իսկ հայկական կողմին չէր թույլատրվում Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական տարածքներում իրականացնել էլեկրալարերի վերանորոգման աշխատանքներ։