
Կարելի է ասել, որ Արևմտյան Հայաստանի բռնի կրոնափոխված հայության մեջ էթնիկ և ազգային ինքնագիտակցության մակարդակով ու նկարագրով առանձնանում է ծպտյալ հայերի խումբը, որն ի տարբերություն իսլամացված հայերի այլ խմբերի՝ ձգտում է անաղարտ պահել նաև էթնիկ նկարագիրը։
Ուշագրավ է և, միևնույն ժամանակ, կարևոր, որ այս խմբի հայերի ընտանեկան կենցաղում ևս պահպանվել են ներէթնիկ ինքնագիտակցության հետաքրքիր դրսևորումներ, որոնցից կցանկանայի առանձնացնել հատկապես ներքին ամուսնությունների սովորույթը։
Ի՞նչ է սա ենթադրում. ծպտյալ հայերն արտաքուստ մուսուլման ներկայանալով՝ ոչ միայն գաղտնի շարունակում են ազգային-կրոնական որոշ սովորույթներ, այլև ձգտում են ամուսնանալ իրենց նման ծպտյալ հայերի հետ։ Ընդ որում՝ ներքին ամուսնությունների ժամանակ երկրորդ պլան են մղվում տարիքային, դասակարգային, սոցիալական և այլ խոչընդոտներ։ Այսինքն՝ ծպտյալ հայերը, կարելի է ասել, էթնիկ ինքնապահպանման բնազդով ձգտում են պարտադիր ամուսնանալ հայի հետ։
Ներքին ամուսնությունների ինստիտուտը ենթադրում է նաև ծպտյալ հայերի շրջանում որոշակի ցանցի առկայություն, որը թույլ է տալիս նրանց, թեկուզ հեռակա, ճանաչել միմյանց։ Երբեմն այս վարկածի օգտին է խոսում նաև ներքին ամուսնությունների աշխարհագրությունը, երբ բավական հեռու գյուղերի բնակիչներ ամուսնանում են իրար հետ։
Որոշակի փաստեր կան, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ հատկապես ինքնաբացահայտված և կրոնադարձված ծպտյալ հայերի շրջանում եզակի են արձանագրվում նաև բացահայտ հայերի հետ ամուսնություններ։ Նման օրինակներից է ադըյամանցի Սադըք Բաքըրջըօղլուն, որն ապրելով Պոլիսում՝ պաշտոնապես կրոնադարձվել է, ընդունելով իր պապերի կրոնը` քրիստոնեությունը, և ամուսնացել հայաստանցի մի աղջկա հետ, իսկ որդուն` Անդրանիկ Վարդանին, ուղարկել հայկական դպրոց։
Ծպտյալ հայերի մեջ տարածված ներքին ամուսնությունների սովորույթի և փոխադարձ ճանաչման հնարավոր ցանցի գոյության որոշ փաստերի ենք հանդիպում նաև հայկական թեմատիկայով գրված ժամանակակից փաստագեղարվեստական գրականության մեջ։ Օրինակ, գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչընի «Քեզնով է ուրախանում սիրտս» փաստագեղարվեստական գրքում քյահթացի ծպտյալ հայի զավակ, Գերմանիայում բնակվող Հաջը Իբրահիմը, խոսելով ներքին ամուսնությունների մասին, ասում է.
«Մեր մօտ ամուսնութիւնը միշտ «մերիններուն» (ծպտյալ հայեր) միջեւ տեղի կ’ունենայ։ Դուրս ոչ աղջիկ կը տրուի, ոչ ալ դուրսէն աղջիկ կ’առնուի»։
Իսկ երբ նրանց դրացի քուրդը խնդրել է Հաջը Իբրահիմի քրոջ ձեռքը, նրա հայրը մերժել է, սակայն վախենալով, որ կարող են աղջկան փախցնել, ամուսնացրել է «մերոնցից» ճաղատ, տգեղ, աղքատ և որբ մի հովվի հետ։ Քեմալ Յալչընի նույն գրքում ծպտյալ հայուհի Սուլթան Բաքըրջըգիլը պատմում է, որ իր պապը չորս տղաներին էլ ամուսնացրել է ծպտյալ հայերի հետ, իսկ 12-ամյա աղջկան, վախենալով, որ քրդերը կփախցնեն, ամուսնացրել է 30-ամյա ծպտյալ հայի հետ, դրանով իսկ, ըստ իրեն, փրկել աղջկան։
Պատահական չէ, որ ծպտյալ հայերի շրջանում տարածված ներքին ամուսնությունների սովորույթը շարժել է նաև թուրք գիտնականների հետաքրքրությունը։ Նրանք այդ հարցն ուսումնասիրել են՝ ձեռքի տակ ունենալով բազմաթիվ հնարավորություններ և փաստեր։ Մանրակրկիտ հետազոտելով կրոնադարձված հայերի տոհմածառերը՝ նրանք ի հայտ են բերում փաստեր, որոնք ապացուցում են, որ հաճախ և, իհարկե, ոչ պատահաբար ամուսնություններ են տեղի ունենում ծպտյալ հայերի սերունդների միջև։ Ծպտյալ հայերի ներքին ամուսնությունների մասին թուրքական աղբյուրներում հանդիպած օրինակներից մեջբերենք մի քանիսը.
1. Ծպտյալ հայ Չեթին Բոզքայան (ծնվ. 1923թ.), որը 1990թ. 67 տարեկանում կրոնադարձվել է՝ ընդունելով քրիստոնեություն, ամուսնացած է հայուհի Շաքե Բոզքայայի հետ։ Ներկայացված է նաև նրանց տոհմածառը, որից պարզվում է, որ նրանց ծնողները ծագումով հայեր են։ Ավելին, նրանց որդին` Գյուլա Արփադ Բոզքայան ևս 1990թ. 29 տարեկանում վերընդունում է քրիստոնեություն։ Հետաքրքիր է, որ Գյուլա Արփադ Բոզքայան ամուսնանում է 1967թ. ծնված Նարգիզ Բոզքայայի հետ, որի ծնողները նույնպես ծագումով հայեր են։ Նարգիզ Բոզքայան ևս 1996թ. վերընդունում է քրիստոնեություն։
2. Ահմեթ Քարաքուշի, որի ծնողները հայեր են եղել, կինը` Տիգրանուհին և որդին` Պերճը, 1986թ. դատարանի որոշմամբ վերադառնում են քրիստոնեության։ 1989թ. կրոնադարձվում է նաև Ահմեթ և Տիգրանուհի Քարաքուշների աղջիկը` Ֆաթման, իսկ նրանց մյուս չորս երեխաները մնում են մուսուլման։ Սակայն մուսուլման մնացած երեխաներից մեկը` Ջեմիլեն, ամուսնանում է 1959թ. ծնված Աթափ Քաբեի հետ, որի ծնողները սասունցի հայեր են` Սահակն ու Մարիամը։ Հետաքրքիրն այն է, որ այս զույգն իրենց տասներեք երեխաներին գրանցում է որպես քրիստոնյաներ։
3. 1966թ. քրիստոնեություն ընդունած և 1967-ին հայ քրիստոնյա Անդրանիկ Չաքըջըի հետ ամուսնացած Ֆիդան Դեմիրի ծնողները նույնպես ունեն հայկական ծագում, ավելին` աղբյուրում ներկայացված են նաև նրա հորական տատի ու պապի անունները` Մանուկ և Մարիամ։ 1996թ. Ֆիդան Դեմիրն անվանափոխվում է՝ ընդունելով Սեդա անունը, իսկ երեխաներին` Թալինին և Արային, գրանցում որպես քրիստոնյաներ։ Թուրքական աղբյուրները նշում են, որ Ֆիդան Դեմիրի քույրերը` Էմինեն և Այշեն, համապատասխանաբար 1962 և 1990թթ., ընդունում են քրիստոնեություն։
Հայ ճարտարապետության պատմության մասնագետ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով ներքին ամուսնությունների խնդրին, նշում է.
«Արեւմտյան Հայաստանում մահմեդական հայերը, եթե իրենք գտնում են, որ հայ են, միշտ խնդիրներ ունեն տեղի քրդերի հետ՝ նույնիսկ արյունահեղության մակարդակի։ Քրդերը նեղվում են, որ մահմեդական հայերն իրենց աղջիկ չեն տալիս, աղջիկ վերցնում են, բայց չեն տալիս»։
Զարմանալի և, միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ ներքին ամուսնությունների սովորույթը պահպանվում է ոչ միայն ծպտյալ հայերի շրջանում. այդ մասին վկայող փաստերի երբեմն հանդիպում ենք նաև իսլամացված, խորթացած հայերի և նրանց հետնորդների մեջ։ Օրինակ, թուրք հայտնի լրագրողներից Ամբերին Զամանը իր հոդվածում խոսելով Թոքաթի իսլամացված հայության և նրա խնդիրների մասին` առանձնացնում է նաև ներքին ամուսնությունների հարցը։ Ըստ հոդվածագրի, Թոքաթի իսլամացված հայերի խորթացած հետնորդները, ձգտելով պահպանել ներքին ամուսնությունները, հաճախ բախվում են լուրջ խնդիրների, քանի որ հայության այդ սակավաթիվ հետնորդների մեծ մասն ազգականներ են, իսկ նրանց շրջանում խստորեն պահպանված «յոթ պորտի» սովորույթը թույլ չի տալիս ազգականների միջև ամուսնությունները1։ Ավելորդ չէ նշել, որ Թոքաթի իսլամացված հայերը համարվում են իրապես թուրքացած, ուծացած, արմատներից հեռացած, սակայն փաստորեն նրանց մեջ նույնպես նկատվում են ներէթնիկ ինքնագիտակցության տարրեր։
Շարունակելի․․․
Աշխեն Վիրաբյան