1828 թվականին Կահիրեում հիմնադրված Գալուստյան ազգային վարժարանը երկսեռ ամենօրյա ուսումնական հաստատություն էր։ Հիմնադիր-բարերարի անունով սկզբում կոչվել է Եղիազարյան դպրատուն։ Քաղաքի առաջին մասնավոր հայկական դպրոցն էր, որը թույլատրվել էր բացել «շնորհիվ այն ազդեցիկ դիրքի, որ եգիպտահայ համայնքն ուներ եգիպտական արքունիքում»։ Տարրական դպրոց էր։ Հիմնական առարկան կրոնն էր, դասավանդվել է նաև թվաբանություն, հայերեն և արաբերեն։
1854 թվականին տեղափոխվել է Կարապետ Գալուստի միջոցներով կառուցված նոր շենք և կոչվել Խորենյան (Մովսես Խորենացու անունով) ազգային վարժարան, իսկ 1897 թվականից՝ Գալուստյան ազգային վարժարան։ Հաստատությունն ունի մանկապարտեզ, տարրական և բարձրագույն նախակրթարանի բաժիններ, ինչպես նաև գրադարան։ Աշակերտները սովորում են հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, թվաբանություն, արաբերեն և ուրիշ շատ առարկաներ։ 1996 թվականին աշակերտների թիվը 45 էր, ուսուցիչներինը՝ 16։ Վարժարանի շրջանավարտներից են Վահան Թեքեյանը, Գառզուն, Գոհար Գասպարյանը և ուրիշներ։