Հայերի դեմ իրականացվածցեղասպանության պատճառ է դարձել ոչ միայն  հայերի բնաջնջման, հազարավորների բռնի իսլամացման, այլև անձնական և ընտանեկան բազմաթիվ ողբերգությունների։ Ինքնապահպանման և ապրելու բնազդը հայերին մղել է նաև անհավանական քայլերի։ Բազմաթիվ օրինակներից մեկն է «Էրմենի Վարթո աշիրեթ» անունը կրող հայկական գերդաստանի պատմությունը, որը կարողացել է վերապրել ծանրագույն պայմաններում, և որի գոյության փաստն անգամ տասնամյակներ շարունակ հայտնի չի եղել։

Հայկական ջարդերի  ժամանակ աքսորվել է նաև Ջիզրե գավառում բնակվող հայկական Վարթո ցեղախումբը, որը բազմամարդ և հարուստ է եղել։ Ճանապարհին հարձակման ենթարկվելով` ցեղախմբի հինգ ընտանիքներ փախչում և ապաստան են գտնում հայտնի Ջուդի սարում։ Ընտանիքներից մեկը կոչվել է «Մալա Վարթո», այսինքն` Վարթոյի տուն։ Լեռան վրա ապաստանած ցեղախումբը շուրջ 25 տարի արտաքին աշխարհից մեկուսացված ապրել է այնտեղ` տեղյակ չլինելով, թե այդ տարիներին ինչեր են կատարվել Թուրքիայում և ընդհանրապես աշխարհում։ Անգամ չեն իմացել, որ փլուզված Օսմանյան կայսրության փոխարեն ձևավորվել է Թուրքիայի Հանրապետությունը։ Ցեղախումբը զբաղվել է անասնապահությամբ և բազմացել բացառապես ներքին ամուսնություններով։

Ջարդեր շուրջ երեք տասնամյակ հետո միայն հայկական ցեղախումբը համարձակվել է իջնել սարից և ականատես եղել, որ իրենց նախկին հողերին տիրացել են քրդերը։ Հետզհետե Վարթո ցեղախումբը յուրացրել է քրդական կենսակերպը, հագել քրդական տարազ, խոսել քրդերեն, սակայն այս ամենով հանդերձ խստորեն պահպանել է ցեղային կյանքի ներփակ բնույթը, մասնավորապես՝ ներքին ամուսնությունները, ինչը հնարավորություն է տվել գոնե էթնիկապես չձուլվել քրդերի հետ։ Հետաքրքիր է, որ քրդախոս հայերը, ըստ տարբեր աղբյուրների, եղել են ծայրահեղ կրոնասեր և ձգտել ամեն կերպ պահպանել ու շարունակել քրիստոնեական սովորույթները։ Չնայած քրդախոս Վարթո աշիրեթի հայերը մայրենիով միայն մի քանի բառ են հիշել և անգամ քրդերեն աղոթել, սակայն ամուսնությունների ժամանակ հրավիրել են հարևան գյուղերի թեկուզ ասորի, նեստորական, քելդանի քահանաներին, որոնք կատարել են պսակի քրիստոնեական արարողություն։ Քրդախոս հայերը, տասնամյակներ շարունակ ապրելով սարերում, անմարդկային պայմաններում, այնուհետև քրդական միջավայրում, պահպանել են էթնիկ ինքնագիտակցությունը և հստակ գիտակցել իրենց տարբերությունը շրջապատի քրդերից։

Տասնամյակներ հետո Վարթո ցեղախմբի գոյության փաստը հայտնի է դարձել նաև Ստամբուլի հայկական համայնքում, և Հրանտ Գյուզելյան քահանան այցելել է ցեղապետ Սիյամենթ Յաղբասանին։ Երկար ընդմիջումից հետո սա վերապրած հայերի առաջին հանդիպումն է եղել հայ հոգևորականի հետ։ Նրա այցի շնորհիվ հայկական ցեղախումբը տեղեկացել է, որ Թուրքիայում, իրենցից բացի, դեռ քրիստոնյա հայեր կան։ Քահանա Գյուզելյանն առաջարկել է նաև ցեղապետ Սիյամենթին աշիրեթի երեխաներին սովորելու ուղարկել Ստամբուլ, որտեղ նրանք հայ-քրիստոնեական կրթություն կստանային։ Վարթոյի ցեղապետ Սիյամենթ Յաղբասանն ունեցել է 13 երեխա, որոնք կնոջ` Դելալի մահից հետո դժվարին վիճակում են եղել։ Բացի այդ, ինչպես նշեցինք, Վարթո աշիրեթը չափազանց կրոնասեր էր, նույնիսկ երեխաները հաճախ անվանակոչվել են Սուրբ գրքում հանդիպող անուններով, և հայ հոգևորականի առաջարկը` երեխաներին կրթություն տալու հետ կապված, մեծ սիրով են ընդունել։ Ցեղապետ Յաղբասանն առաջինն է օրինակ ծառայել իր ցեղակիցների համար և համաձայնել Ստամբուլ ուղարկել 9- ամյա աղջկան` Ռաքելին։ Այս օրինակին հետևել են նաև ցեղախմբի մյուս անդամները, և քրդախոս շուրջ 25 երեխա ուղարկվել է Թուզլայի հայկական որբանոց։ Մայրենին սովորելու և արմատներին վերադառնալու համար Ստամբուլ մեկնած աղջիկը՝ Ռաքելը, հետագայում դառնում է Հրանտ Դինքի կինը։ Որբանոցում Վարթո ցեղախմբի երեխաները բազմակողմանի կրթություն են ստանում, այնուամենայնիվ, նրանց և որբանոցի այլ հայ երեխաների միջև սկզբնական շրջանում ձևավորվում է խորթության ու օտարության մթնոլորտ, որը, բնականաբար, կապված էր նաև նրանց մշակութային տարբերությունների հետ։ Որբանոցում ուսումն ավարտելուց հետո Վարթո ցեղախմբի 25 երեխաները չեն ցանկանում վերադառնալ գյուղ, և աշիրեթը, ցեղապետ Սիյամենթի գլխավորությամբ, որոշում է տեղափոխվել Ստամբուլ։ Հավանաբար, այս հարցում զգալի դեր են ունեցել նաև Վարթո ցեղախմբի հայերի և նրանց հողերը բռնագրաված քրդերի շարունակական բախումները, ինչպես նաև ազգային-կրոնական ինքնության պահպանման աննպաստ պայմանները։

Այսպես, 1978թ. շուրջ 500 հոգանոց Էրմենի Վարթո աշիրեթը տեղափոխվում է Ստամբուլ։ Հայկական համայնքն աջակցություն է ցուցաբերում  նրանց, պատրիարքարանի և հայ գործարարների ջանքերով նրանք տեղավորվում են աշխատանքի։ Ուշագրավ է, որ անգամ Ստամբուլում Վարթո աշիրեթը չի փոխում ներցեղային սովորույթները, այդ թվում և ներքին ամուսնությունները։ Սա արտահայտվում է նաև այն ժամանակ, երբ Հրանտ Դինքը ցանկություն է հայտնում ամուսնանալ Ռաքելի հետ, որին ճանաչել է դեռևս որբանոցից։ Վարթո ցեղի երիտասարդները սպառնում են Դինքին և պահանջում հրաժարվել այդ մտքից։ Հարցը կարգավորվում է միայն այն ժամանակվա Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանի միջամտությամբ։ Նա անձամբ է ցեղապետ Սիյամենթից ուզում աղջկա ձեռքը, և կրոնասեր հայը չի կարողանում մերժել բարձրաստիճան հոգևորականին 1980-ական թվականների սկզբին Արևմտյան Հայաստանում  թեժանում է ազգային-կրոնական փոքրամասնությունների դեմ թշնամանքի և հալածանքի մթնոլորտը, որն ավելի ընդգծված էր հայերի նկատմամբ` կապված նաև ԱՍԱԼԱ-ի գործողությունների հետ։ Հալածանքների օրեցօր սաստկացող ալիքը ստիպում է Վարթո աշիրեթին` այլ հայերի նման, կրկին մտածել գոյությունը պահ պանելու մասին։ Ի վերջո, ցեղապետ Սիյամենթ Յաղբասանը որոշում է, որ ցեղախումբը պետք է տեղափոխվի Բելգիա, իսկ ցեղապետի որոշումը պարտադիր էր բոլորի համար։ Ուշագրավ է, որ նույնիսկ Եվրոպայում նրանք կրկին պահել են ցեղային սովորույթները։

 Բավական հետաքրքիր է նաև, որ Վարթո աշիրեթը տարիներ շարունակ պայքարել է իրենց հողերը զավթած քրդերի դեմ, և ներկայումս էլ դատական գործերը շարունակվում են։ Ինչպես նշում է Ռաքել Դինքը, իր հայրը` ցեղապետ Սիյամենթը, 2004թ. Բրյուսելում մահվան մահճում երեխաներից պահանջել է, որ շարունակեն հետամուտ լինել իրենց հողերը վերադարձնելու գործին։ Բավական հետաքրքիր է նաև, որ Վարթո աշիրեթը տարիներ շարունակ պայքարել է իրենց հողերը զավթած քրդերի դեմ, և ներկայումս էլ դատական գործերը շարունակվում են։ Ինչպես նշում է Ռաքել Դինքը, իր հայրը` ցեղապետ Սիյամենթը, 2004թ. Բրյուսելում մահվան մահճում երեխաներից պահանջել է, որ շարունակեն հետամուտ լինել իրենց հողերը վերադարձնելու գործին։ Հայկական Վարթո աշիրեթի ոչ միայն գոյության, այլև էթնիկ-կրոնական ինքնագիտակցության պահպանման ու շարունակման փաստը տեղիք է տալիս մեկ անգամ ևս խորհել ուծացման տարբեր մակարդակներում գտնվող հայերին շրջապատող միջավայրի կարևորության մասին։ 

Եթե Ռաքել Յաղբասանը մնար քրդերով շրջապատված միջավայրում, լավագույն դեպքում դառնալու էր քրդախոս և մեծ մասամբ քրդական կենսակերպ ու մշակույթ կրող հայ, այն էլ՝ ցեղախմբի կյանքի ներփակ բնույթի շնորհիվ։ Հայկական միջավայրի ազդեցությամբ նա կարողացավ լիարժեք վերագտնել արմատները և դառնալ հայ կին, հայ մայր Ռաքել Դինք։ Նրա նման հազարավոր հայեր ներկայումս քրդախոս, քրդացած կամ թուրքացած են նաև իրենց շրջապատող միջավայրի և պայմանների հետևանքով։

Շարունակելի․․․

Աշխեն Վիրաբյան  Western Armenia tv-ի լրագրող վերլուծաբան