Արևմտյան Հայաստանի Մարաշ նահանգում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի հետևանքով տուժել է նաև Մալաթիայում միակ կանգուն մնացած հայկական եկեղեցին՝ Սուրբ Երրորդությունը, որ հայտնի է նաև Երեք Խորան կամ Թաշխորան անուններով։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ Մալաթիա նահանգի Յեշիլյուրթ գավառի Չավուշօղլու թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1893 թ․, այստեղ բնակված հայերի և ասորիների կողմից։ Հայկական համայնքին որոշ ժամանակ ծառայած եկեղեցին 1900-ական թվականներից սկսած այլևս չի օգտագործվել։ Եկեղեցու գմբեթը փլվել է 1970-ական թվականներին։
2013 թ․ սկսած Մալաթիայի հայկական համայնքի և տեղի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ջանքերով եկեղեցին սկսել են վերականգնել։ 2021 թ․ եկեղեցին վերաբացվել է արարողությունների համար։
Երկրաշարժերից հետո եկեղեցու պատերի վրա ճաքեր են գոյացել։ Պատկան մարմինները եկեղեցու շուրջ ժապավեն են կապել և արգելել մարդկանց մուտքը եկեղեցի։
Հիշեցնենք, որ Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում 2021 թ․ օգոստոսին, 100-ամյա դադարից հետո, առաջին պատարագն էր մատուցվել։
Արևմտյան Հայաստանը արձանագրում է այս իրավիճակը, նշելով որ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն հայկական մշակութային ժառանգության պահպանման համար, քանի որ բնիկ հայերը շարունակում են ապրել մեր տարածքներում և պետք է իրականացնել եկեղեցու հիմնանորոգում՝ պահպանելով հայկական ճարտարապետական ձեռագիրը։