Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում դասերն անցկացվում են ուսանողական հանրակացարանում: Պատճառը համալսարանի շենքի ջեռուցման բացակայությունն է, և ցրտի պատճառով ուսանողները տեղափոխվել են հանրակացարան, քանի որ այն ջեռուցվում է: 

Համալսարանի ադմինիստրացիայի ղեկավար Ռոին Թաթեշվիլիի խոսքով՝ շատ շուտով ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները կավարտվեն և ուսանողները կվերադառնան լսարաններ: 

«Ջեռուցման խնդիրը գրեթե լուծված է, մոտ մեկ շաբաթից փուլ առ փուլ ուսանողները կկարողանան վերադառնալ համալսարանի մասնաշենք: Նշեմ նաև, որ այն ուսանողները, ովքեր ունեին օրինակ՝ համակարգչային դասեր, սովորականի պես ուսումնական շենքում են դրանք անցկացնում, իսկ փոքր խմբերի դասապրոցեսն անցկացվում է հանրակացարանի  ազատ սենյակներում: Դրանք հարմարավետ են դասապրոցեսի համար»,- ասում է Ռոին Թաթեշվիլին:

Ուսանողները Jnews-ի հետ զրույցում ևս նշեցին, որ հանրակացարանում ստեղծվել են բոլոր հարմարություները դասերն անխափան անցկացնելու համար: