Արևմտյան Հայաստանի Սամոսատ քաղաքը հայտնի է նաեւ որպես Շամշատ, Արշամաշատ անուններով։ Հնագույն քաղաքը տեղակայված է Եփրատ գետի աջ ափին։
Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ-ի օրոք (Ք.ա. I դ.) մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ։ 72 թվին Հռոմեական կայսրությունը Սամոսատը կցել է իր տիրապետության տակ գտնվող Ասորիք նահանգին։
XI դ. վերջին և XII դարի սկզբում Սամոսատին տիրել են սելջուկների գերիշխանությունն ընդունած հայ իշխանները, որոնց հիշատակում է ասորի պատմիչ Միքայել Ասորին։ Միառժամանակ քաղաքը գտնվել է հայ իշխան Փիլարտոս Վարաժնունու ենթակայության տակ։ Սամոսատը հայտնի է որպես քրիստոնեական հարուստ անցյալ և ավանդույթներ ունեցող քաղաք։ Սամոսատը եղել է հունական և ասորական դպրության կարեւոր կենտրոններից։ Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների մի խմբին Սամոսատ է ուղարկել՝ հունարեն և աստվածաբանություն ուսանելու, այնուհետեւ իր երկու օգնականների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ անձամբ այցելել Սամոսատ։
Սելջուկյան արշավանքներից (XI դ.) հետո Սամոսատը աստիճանաμար կորցրել է իր երբեմնի նշանակությունը և վերածվել աննշան քաղաքի։ XII–XIV դդ. քաղաքին տիրել են խաչակիրները, բյուզանդացիները, մոնղոլները, թուրքմենական ցեղերը։ XV դ. Սամոսատը նվաճվել է Օսմանյան կայսրության կողմից։ Մինչև հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը Սամոսատի բնակիչները հիմնականում եղել են հայեր։
2023 թվի փետրվարի 6-ի աղետալի երկրաշարժի արդյունքում մեծ ավերածություններ եղան ոչ միայն Սամոսատ, այլև շրջակայքի մյուս քաղաքներում, ինչպես նաև տարածաշրջանի մեծ ու փոքր այլ բնակավայրերում։