Սխալված չենք լինի, եթե ասենք, որ  Արևմտյան Հայաստանում կարևոր խնդիր է համարվում էթնիկ ծագման հարցը, որը չի շրջանցում, նույնիսկ հաճախ տեղ է գտնում նաև քաղաքականության մեջ:

 Արևմտյան Հայաստանում ընթացող կարևոր գործընթացների կիզակետում ժամանակ առ ժամանակ հայտնվում և ակտիվ շրջանառվում է էթնիկ ծագման հարցը` դառնալով քաղաքական գործիչների, վերլուծաբանների, մամուլի ուշադրության առարկա: Արդեն սովորական երևույթ է, երբ թուրքական պետության որևէ բարձրաստիճան պաշտոնյայի «մեղադրում» են այլ էթնիկ ծագում ունենալու մեջ: Թուրքական «ազգային» պետությունում բնական է, որ այլ էթնիկ, այն է` ոչ թուրք լինելը պետք է ընկալվի որպես վիրավորանք։ 

Կարելի է եզրակացնել, որ տարատեսակ բարդույթների և կաղապարների կողքին թուրքական հասարակության մեջ բավական տարածված է նաև էթնիկ ինքնության, էթնիկ անաղարտության բարդույթը, որի դրսևորումները տարբեր են: Էթնիկ ծագման խնդիրն ավելի ցայտուն և նույնիսկ հիվանդագին է արտացոլվում թուրքական կառավարության  ներքին քաղաքականության մեջ` դառնալով թուրքական քաղաքական տեխնոլոգիաների կարևոր և բաղկացուցիչ մասը։ Կարելի է ասել, որ այդ հարցը տարբեր ինտենսիվությամբ, շարունակ գտնվում է թուրքական քաղաքական օրակարգում, ուստի նմանատիպ օրինակներից հարկ ենք համարում անդրադառնալ մեկին։ Այսպես, 2009թ. Մարտին Թուրքական պետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեժ պայքար ընթացավ հատկապես  Պոլիսում, որտեղ քաղաքապետի հիմնական թեկնածուներն էին իշխող Արդարություն և զարգացում և ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները: 

ԺՀԿ-ն Պոլսի քաղաքապետի համար առաջադրել էր բավական ինքնատիպ քաղաքական գործչի` պատգամավոր Քեմալ Քըլըչդարօղլուին: Շատերի կարծիքով, բավական հավասարակշիռ, ամուր նյարդերի տեր Քըլըչդարօղլուն ներկայիս թուրքական պետության  քաղաքական երկնակամարում ծագող աստղերից է: Զարմանալի չէ, որ նրա աճող հեղինակությունը և քվեները պակասեցնելու համար ընտրվեց էթնիկ ծագման հարցը: Մասնավորապես, առաջատար մի քանի ԶԼՄ-ներում տարածվեց հետևյալ հայտարարությունը. «Քեմալ Քըլըչդարօղլուի մայրը հայ է` Յեմուշ անունով և ապրում է Դերսիմում»: 

Այս լուրը դարձավ քաղաքական օրակարգի և մամուլի առանցքային նյութերից մեկը: Մի լրագրող, «հետաքննող լրագրողական» ժանրին հատուկ մեթոդներով, զանգահարելով Քըլըչդարօղլուի մորը, ուղղակիորեն հարցրել է. «Դուք հա՞յ եք»։

 Անակնկալ հարցին պատասխանել է վերջինիս դուստրը` ասելով. «Ոչ, մենք մուսուլման ենք»: Քըլըչդարօղլուի հայկական ծագման մասին լուրերն ավելի վաղ էլ էին շրջանառվում, սակայն դրանք ուժգնորեն արտահայտվեցին այն ժամանակ, երբ նա դարձավ քաղաքապետի թեկնածու, և այն էլ` բավական վտանգավոր: Սակայն այս հարցում ևս Քըլըչդարօղլուն պահպանեց իրեն բնորոշ հանգստությունը և շարունակ հնչող հարցերին պատասխանեց հետևյալ կերպ. «Մայրս կարող է եւ հայ լինել, կամ քուրդ, կամ հույն, սակայն դրանից մեր մոր հանդեպ սերը չի պակասի»: Այսինքն` նա մի կողմից չհերքեց այդ փաստը, մյուս կողմից` փորձեց այն տեղափոխել այլ հարթություն` ավելացնելով նաև, որ մարդիկ հնարավորություն չունեն ընտրելու իրենց ռասան:

Սակայն նկատենք, որ նմանատիպ քաղաքական հնարքներ է գործադրում նաև նույն ընդդիմադիր ԺՀԿ-ն, որի պատգամավորներից Ջանան Արըթմանը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին «մեղադրեց» հայկական ծագում ունենալու մեջ` նշելով, որ, իբրև թե, նրա մայրը հայ է: Սակայն, ի տարբերություն Քըլըչդարօղլուի` Գյուլը այս խնդրին բավական բուռն և էմոցիոնալ պատասխանեց. նախ նա հրապարակավ ասաց, որ իրենց տոհմը մուսուլման և թուրք է, իսկ այնուհետև մամուլում տպագրվեց նրանց տոհմածառը: Բացի այդ, նա հանդես եկավ Արըթմանի դեմ «սիմվոլիկ դատական հայցով»` իրեն վիրավորելու համար: 

Էթնիկ պատկանելության համար միմյանց մեղադրելը, ի դեպ, նոր երևույթ չէ թուրքական իրականության մեջ, և որքան էլ զարմանալի է, տարածված է հատկապես ռասիստ ազգայնամոլների շրջանում. տարբեր ժամանակաշրջաններում ամենակարկառուն ռասիստները միմյանց մեղադրել են ոչ թուրքական ծագում ունենալու մեջ: Այս ամենը, այսինքն` ներքաղաքական պայքարում էթնիկ ծագման շահարկումը, թե՛ իշխող և թե՛ ընդդիմադիր ուժերի կողմից էլ ավելի հակասական է թվում իշխող կուսակցության և, մասնավորապես, նրա առաջնորդ Էրդողանի բազմիցս հնչեցրած այն տեսակետի համատեքստում, թե իրենք դեմ են էթնիկ ազգայնականությանը:

 Ի դեպ, Քըլըչդարօղլուի սառը պահվածքը և, փաստորեն, մոր հայկական ծագումը չհերքելը տարբեր շրջանակների կողմից ավելի ճիշտ գնահատվեց, այնուամենայնիվ, այդ լուրերից հետո նրա վարկանիշն այլևս կտրուկ աճ չարձանագրեց, և, ի վերջո, նա պարտվեց ընտրություններում: Էթնիկ ծագման խնդիրը քննարկվում է նաև ներկայումս Արևմտյան Հայաստանում ընթացող աղմկահարույց «Էրգենեքոն» ահաբեկչական կառույցի դատավարության շրջանակներում։ Պարզվել է, որ ձերբակալվածներից մեկը` Հատուկ օպերատիվ վարչության պետի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինը, հանձնարարություն է ստացել և աշխատել է տարբեր կուսակցություններում հայկական ծագում ունեցող մարդկանց հայտնաբերման և գրանցման գործով։ 

Խուզարկության արդյունքում հայտնաբերված Շահինի նոթատետրում առկա է ցուցակ, որտեղ նշված են տվյալներ Թուրքական պետության  քաղաքական կյանքում բավական հայտնի անունների էթնիկ ծագման մասին, որոնց համաձայն` Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ, Գորշ գայլեր) նախագահ Դևլեթ Բահչելին, Ժողովրդավարական հասարակարգ կուսակցության նախագահ Ահմեթ Թուրքը, ԱՇԿ պատգամավոր Մեհմեթ Շանդըրը, Մեհմեթ Էյմուրը հայկական ծագում ունեն: Ակնհայտ է, որ Թուրքիայում էթնիկ ծագման հարցը ծավալվում և նոր դրսևորումներ է ձեռք բերում: Թուրք որոշ սոցիոլոգներ, անդրադառնալով լայն թափով շրջանառվող այս թեմային, իրավացիորեն երևույթը դասում են թուրքական հասարակության շրջանում տարածված հիվանդությունների շարքին:

Շարունակելի․․․

Աշխեն Վիրաբյան