Արևմտյան Հայաստանի աշխարհագրական անունները շարունակ թուրքացվում են: Ամենից վտանգավորը «Հայք», «Հայաստան», «Հայկական լեռնաշխարհ», «Հայկական բարձրավանդակ» անունների վերացումն է թուրքական կամ ուրիշ (հայկական) քարտեզներից, պատմական և աշխարհագրական գրականությունից: Դրա փոխարեն լայնորեն գործածության մեջ է «Արևելյան Անատոլիա» անվանումը:

Ցավոք պանթուրքիզմի բաղկացուցիչ մաս է դարձել հայկական աշխարհագրական անուններին հայտարարված «քարտեզագրական պատերազմը»: Դեռ մինչև XIX դարի վերջը ընդունում էին Հայաստան աշխարհի գոյությունը և իրենց կողմից հրատարակված քարտեզներում Հայաստան երկրի տեղում գրվում էր «Էրմենիստան»: XX դարում, մանավանդ ցեղասպանությունից հետո, հայ բառն ընդհանրապես ջնջվեց, իսկ երկիրն անվանվեց Արևելյան Անատոլիա: Սխալ է գիտական հիմնավորում տալ անգրագետ բնակչության կողմից ընդունված կարծիքին, քանի որ բնական պայմանների տեսակետից Անատոլիան (Փոքրասիական բարձրավանդակը) ոչ մի կապ չունի նրանից արևելք գտնվող Հայկական լեռնաշխարհի կամ Հայաստանի հետ: Հայրենական և արտասահմանյան անվանի աշխարհագետների կողմից երբեք «Հայաստան», «Հայկական լեռնաշխարհ», «Հայկական բարձրավանդակ» անունները չեն կապվել «Անատոլիա» կամ «Փոքր Ասիա» անունների հետ: 

Դեռ 1979 թ. հայ աշխարհագետ Լևոն Զոհրաբյանը «Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը» հիմնարար աշխատությունում գրում էր, որ «Հայկական լեռնաշխարհը կամ նրա որևիցե մասը երբեք չի մտել և չի մտնում Անատոլիայի մեջ»:

Դեռ ավելին, այսօր որոշ տարագիր հայ  պատմաբաններ Հայաստանի Հանրապետությունում՝ Արցախում և Սփյուռքում, անգամ հայաստանյան վերլուծաբաններ ու դիվանագետներ, Արևմտյան Հայաստանի փոխարեն օգտագործում են «Արևելյան Անատոլիա» կեղծ ու հնարովի եզրույթը: Հայ աշխարհագետների, պատմաբանների, ազգագրագետների, դիվանագետների, քաղաքագետների և այլոց մասնագիտական, քաղաքացիական ու բարոյական պարտքն է արժանի հակահարված տալ մեր քաղաքակրթական-մշակութային արժեքներ համարվող տեղանունները կեղծողներին ու նրանց հովանավորներին:

Հեղինակ՝  աշխարհագրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Յուրիկ Մուրադյան: