Հնարավո՞ր է, արդյոք, պատկերացնել հայոց մշակութային ամբողջական դաշտն առանց Ջավախքում ծնված մեծերի՝ առանց Դերենիկ Դեմիրճյանի ու Վահան Տերյանի, առանց Ջիվանու եւ Հավասու: Բայց Ջավախքում կա մի քաղաք, որ մեր ժողովրդին է պարգեւել Շառլ Ազնավուր, Վարդգես Սուրենյանց, Հակոբ Կոջոյան, Լուսինե Զաքարյան, ու էլի երեւելիներ: Քաղաքն այդ կոչվում է Ախալցխա։ Այստեղ է ծնվել նաեւ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանը: Մեծ է Լևոն Մկրտչյանի ներդրումը հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության, թարգմանության ու մասսայականացման գործում: Գրականագետը ռուսերեն է հրատարակել միջնադարյան բանաստեղծներ Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Կոստանդին Երզնկացու, Դավթակ Քերթողի առանձին ժողովածուները, «Սասունցի Դավիթ» էպոսը, 19-20-րդ դարերի հայ դասական եւ ժամանակակից բանաստեղծների՝ Թումանյան, Իսահակյան, Սահյան և այլոց ստեղծագործությունները։
Ակադեմիկոսը թողել է նաեւ ինքնակենսագրական արձակ ստեղծագործություններ: Որպես թարգմանության տեսաբան՝ լայն ճանաչման է արժանացել նախկին Միությունում, նրա սահմաններից դուրս: Նրա նախաձեռնությամբ է մեզանում վերականգնվել Թարգմանչաց տոնը, որը խաթարվել էր տասնամյակներ շարունակ: