Ալեքսանդր Մանթաշյանցը հայ նշանավոր գործարար ու բարեգործ է, ծնվել է 1842թ. մարտի 3-ին Վրաստանի Թիֆլիս քաղաքում։

Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը: Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել: 1899թ. Մանթաշյանն ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին: Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը:

Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին: Մանթաշյանի միջոցներով են կառուցվել նաև պատրիարքական հարկաբաժիններն Էջմիածնում: Նա եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր: 

Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ:

Նշանավոր հայորդին մահացել է 1911թ. ապրիլի 19-ին՝ Սանկտ Պետերբուրգում։