Վատիկանի Ս․ Պետրոս տաճարում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու ծիսական տոնին նվիրված արարողություն։

Արարողությանը ներկա էին ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Տ․ Ռաֆայել Պետրոս Մինասյանը, աշխատանքային այցով Վատիկան ժամանած ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ 

Արքեպիսկոպոս Գուջերոտտին և դեսպան Նազարյանն իրենց խոսքում անդրադարձել են «Խաղաղության վարդապետի» (ինչպես որ Նարեկացուն անվանել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը) հոգևոր գրական ժառանգությանը։ ՀՀ դեսպանը մասնավորապես նշել է, որ հայ մեծ սրբի օրվա ոգեկոչումը Տիեզերական եկեղեցու կողմից առիթ է ազգային ու գլոբալ մակարդակներում վերահաստատելու համերաշխության քաղաքակրթություն կերտելու միջազգային հանրության հանձնառությունը։ Կ․Նազարյանը հավելել է, որ հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում երբեք չի ընկրկել հարևանների կողմից պարտադրած պատերազմների, ագրեսիայի, էթնիկ զտման քաղաքականության, ցեղասպանության, ջարդերի և այլ զրկանքների առջև, ու շարունակել է հավատարիմ մնալ խաղաղության ու քրիստոնեական համամարդկային իդեալներին։

Գաղտնիք չէ, որ հայկական լեռնաշխարհում է ձևավորվել քաղաքակրթությունը, բազմաթիվ օրինակներից մեկն է նաև մեծ մտածող և «Տիեզերական եկեղեցու վարդապետ» Գրիգոր Նարեկացին, ով ծնունդով Արևմտյան Հայաստանի Վասպուրականի նահանգի Նարեկ գյուղից է եղել։ Արևմտյան Հայաստանը նույնպես ոգեկոչում է  «Տիեզերական եկեղեցու վարդապետ»-ի ծիսական տոնը և խորհուրդ է տալիս ծանոթանալ Նարեկացու խոհափիլիսոփայական աշխատություններին։