Երկար դարերի ընթացքում, անցնելով աննկարագրելի դժվարությունների, ողբերգական իրավիճակների միջով, հայ ժողովուրդը ոչ միայն պահպանել է, այլև զարգացրել է ժողովրդական ստեղծագործությունների ավանդույթը իր վարպետ սերունդների միջոցով: Ասեղնագործական բազմերանգ ու բարձրարվեստ գործերը հիմնականում ստեղծվել են կանանց շնորհիվ: Արևմտյան Հայաստանի Մարաշ նահանգը՝ իր հարակից բնակավայրերով դարեր շարունակ նշանավոր է եղել իր ասեղնագործությամբ: Մարաշին բնորոշ
ասեղնագործ աշխատանքները երկու խմբի են բաժանվում․ առաջինը հարթակար (Զեյթունի կար կամ կոթ ասեղ), երկրորդը գաղտնակարն է, հյուսած կար որ կոչվում է նաև իրկա: Այս երկրորդն է, որ շատ բնորոշ է Մարաշին: Ասեղնագործության համար նախատեսված կտորը կոչվել է էպէնէզէր: Զարդանախշերում հաճախ հանդիպող Տ նշանը չափազանց կարևոր է մշակութաբանական տեսակետից: Վիշապի կամ օձի ամենապարզ ձևը հիշեցնող այս նշանը Մարաշի ասեղնագործության մեջ օժտված է նաև թևիկներով: Վիշապը հանդես է գալիս որպես կենաց ծառի պահապան: Մարաշում մինչև 20-րդ դարի 40-50-ական թթ. աշխատել են տեղական կամ ներմուծված բամբակե կտորի վրա, որը կոչվել է խասա: Ենթադրվում է, որ նաև օգտագործվել են մետաքսե և ոսկե թելեր: