ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ մարտի 2-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումը Բերձորի ճանապարհի վերաբերյալ» հարցը, որի ներքո ելույթներով հանդես են եկել բազմաթիվ երկրների պատվիրակություններ՝ ընդգծելով դատարանի որոշման կատարման բացարձակ անհրաժեշտությունը։
Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշմանը, որով դատարանը փաստել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Բերձորի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Դեսպանը շեշտել է, որ Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Բերձորի միջանցքի շրջափակումը։