
Թուրքական հասարակության այսօրվա կարևոր խնդիրներից է, «ինքնության ճգնաժամը»։ Թուրքական պետությունում տարբեր ժամանակաշրջաններում ասիմիլյացիայի ենթարկված մարդիկ և նրանց սերունդները սկսում են լուրջ կասկածներ ունենալ իրենց էթնիկ պատկանելության վերաբերյալ, որը հետզհետե
խորանալով` վերածվում է ճգնաժամի։ Այս առումով բավական հետաքրքիր են անգլիական և գերմանական մասնագետների հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց` Թուրքիայի բնակչության 38-40 տոկոսը իրեն թուրք չի համարում։ «Ինքնության ճգնաժամն» ունի զարգացման և հանգուցալուծման տարբեր ուղիներ, որոնք հաճախ կապված են ինչպես կոնկրետ անձի, այնպես էլ նրան շրջապատող միջավայրի և հանգամանքների հետ։ Մեր կարծիքով, հենց այս երևույթի մեջ կարելի է տեղավորել նաև օկուպացված Արեւմտյան Հայաստանի իսլամացված հայության և նրանց սերունդների շրջանում ակտիվորեն նկատվող արմատների փնտրտուքի գործընթացը: Հարկ է նկատել, որ կարող են տարբեր լինել դեպի այդ արմատները կամ դրանց կարևորումը տանող ճանապարհները։ Վերջին ժամանակներս օկուպացված Արեւմտյան Հայաստանում էլ ավելի հաճախ են նկատվում վերն ասվածի գործնական
օրինակներ, որոնցից հարկ է առանձնացնել մեկ-երկուսը։ Այսպես, Արևմտյան Հայաստանում հայտնի երգիչ-երգահան Յաշար Քուրթը խոստովանել է, որ երկար տարիներ եղել է ինքնության փնտրտուքի մեջ և ի վերջո վերագտել է իր հայկական ինքնությունը։ Հետաքրքիր է, որ դրանում զգալի է եղել երգիչ Արտո Թունջբոյաջյանի և Armenian Navy Band-ի հետ նրա ծանոթությունն ու համագործակցությունը։ «Ակօս» թերթի հարցազրույցում Յաշար Քուրթն իր էթնիկ ինքնության վերաբերյալ մտորումներն արտահայտում է հետևյալ ինքնախոստովանական հայտարարությամբ. «Հավանաբար ես հայ եմ…» և ավելացնում. «Ես հիմա իմ ինքնության մեջ փոքր մի անցք եմ բացել և խոսում եմ ավելի շատ իմ անունից։ Մի դուռ կա, որը բացել ես, սակայն չես կարողանում մտնել։ Այնտեղ մի անջրպետ կա։ Միգուցե երգերիս թեմաները փոխվեն։ Ես քառասուն տարեկան եմ և նոր ինքնությունս յուրացնելու համար շատ ժամանակ չունեմ, սակայն կամաց-կամաց սկսում եմ որոշ բաներ օգտագործել։ Օրինակ, երբ Armenian Navy Band-ի համար Թուրքական պետության թարգմանություն էի անում, շատ տարօրինակ մի բան եղավ։ Խանութներից մեկում մի մարդ հարցրեց. «Ընկերները որտեղի՞ց են»։ Երբ ես ասացի` Հայաստանից, նա հարցրեց. «Դո՞ւ էլ ես հայ»։ Այս հարցը ինձ առաջին անգամ էր տրվում, և ես պատասխանեցի. «Այո, հայ եմ»…։ Ինքնության ճգնաժամի մեջ գտնվող անձինք որոշակի հանգրվանում կարիք են զգում ինքնախոստովանության, և այդ պարագայում անգամ արգելք չի հանդիսանում թուրքական պետությունում հալածվելու և հասարակությունից մեկուսացվելու իրական հեռանկարը։ Նմանատիպ ինքնախոստովանական նամակ էր հրապարակվել վերջերս պոլսահայ էլեկտրոնային պարբերականներից մեկում, որտեղ քրդացած մի հայ ուղղակի հարցնում էր. «Ո՞վ եմ ես»։ Նամակում հեղինակը պատմում է, որ 28 տարեկան է և ուսումնասիրելով իր ծագումը` պարզել է, որ հայ է։ Ընդ
որում` իր հայկական ծագման մասին հայտնի է եղել շրջապատին, և դրա համար անգամ մանկական վեճերի ժամանակ հասակակիցներն իրեն «մեղադրել» են դրանում։ Որպեսզի ապացուցի իր հայ չլինելը, նա դարձել է ջերմեռանդ մուսուլման, այցելել մզկիթ, սակայն դա էլ չի փոխել շրջապատի վերաբերմունքը։ Ի դեպ, նույնն արել են նաև նրա ծնողները, անգամ պապը, վաճառելով ունեցվածքը, գնացել է հաջի։ Սակայն դա նույնպես արդյունք չի տվել. Մուշի Լիզ գյուղում նրանց շարունակել են անվանել հայ։ Նա նշում է, որ իրեն ոչ մուսուլման, ոչ քրիստոնյա, ոչ թուրք, ոչ էլ քուրդ է զգում։
Վերջին տարիներին սկսել է գերիշխել հայկական ինքնագիտակցությունը, սակայն չգիտի հայերեն և հասկանում է, որ լիակատար հայ էլ չի կարող կոչվել։
«Ինչպես տեսնում եք, ես ինքնության խառնաշփոթ եմ ապրում, ես ի՞նչ եմ` հա՞յ եմ, թո՞ւրք եմ, քո՞ւրդ եմ..»։ Այս հարցը նա ուղղում է ընթերցողներին` ակնկալելով պատասխան, որը բարդ է և միաժամանակ չի կարող լինել միանշանակ։
Շարունակելի․․․
Աշխեն Վիրաբյան
Western Armenia tv-ի լրագրող վերլուծաբան