Արևմտյան Հայաստանում ապրող բռնի իսլամացված հայերի և նրանց սերունդների մեջ արդեն տևական ժամանակ է, ինչ ընթանում են տարբեր գործընթացներ, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն վկայում են տասնամյակներ անց ազգային ինքնագիտակցության և հիշողության որոշակի շերտերի պահպանման մասին։
Մասնավորապես, «ինքնության ճգնաժամի» քննարկումների ծավալմանը զուգընթաց ի հայտ են գալիս և արդեն մամուլում տարածվում իսլամացված հայերի պատմություններ, տպագրվում են հայտարարություններ, որոնցով մարդիկ փնտրում են իրենց արմատները, կորցրած ազգականներին։Պոլսում հրատարակվող «Ակօս» թերթը լի է այդպիսի հայտարարություններով և, ինչպես նկատել էր Հրանտ Դինքը, «Այսօր «Այսօր Արևմտյան Հայաստանում շատերն են դեգերում իրենց ինքնության լաբիրինթոսում»։
Հետաքրքիր է և, միևնույն ժամանակ, բնական, որ փնտրելու գործընթացն ավելի շատ տարածված է իսլամացված հայերի և նրանց սերունդների շրջանում։ Այս ամենը ևս Հայեերի դեմ իրականացված ցեղասպանության ուղղակի հետևանքներն են, քանի որ հենց Ցեղասպանությունն է բաժանել և տարբեր ճակատագրերի արժանացրել այս մարդկանց նախնիներին։ Բացի այդ, այսօր ի հայտ են գալիս նաև հայկական որոշակի ծագում ունեցող խառնածիններ, որոնց մեջ ևս նկատվում են «ինքնության ճգնաժամին» բնորոշ երևույթներ։ Արևմտյան Հայաստանում ինքնության հարցի օրեցօր ծավալվելու նշան կարելի է համարել «Փնտրում եմ ազգականիս» ծրագիրը, որը ստեղծվել է 2006թ. Պոլսում ։ Ծրագիրը մտահղացել և կազմակերպել են տեղի հայկական համայնքի երիտասարդական «Հատիկ» և «Նոր Զարթոնք» խմբերը։
Այն նպատակ ունի հայտարարությունների տարածման միջոցով օգնել մարդկանց գտնելու կորցրած ազգականներին, որոնց գոյության մասին հաճախ այդ մարդիկ լսել են իրենց ավագներից։ Սակայն պետք է նշել, որ հայերի պես աշխարհասփյուռ մի ազգի համար այս երևույթը նորություն չէ, և դեռևս 1960-ական թթ. երկրորդ կեսին Խորհրդային Հայաստանում, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում նույնպես կազմակերպվել էր նմանատիպ մի ծրագիր, որը կոչվում էր «Փնտրում են հարազատներին»։ Խոսելով ծրագրի ստեղծման մասին` կազմակերպիչներից հայազգի լրագրող Արիս Նալջըն նշում է, որ սկզբնապես իրենց նպատակներից է եղել «Ակօս» թերթին տրված հայտարարություններով փնտրել կորած ազգականներին և արմատները։
«Այդ ժամանակաշրջանում,- ասում է Արիս Նալջըն,- կարողացանք 500 հայտարարություն փակցնել Պոլսի փողոցներում, և նույնիսկ Անգլիայից տուրիստական նպատակով եկած մեկը այդ հայտարարությունների միջոցով պատահաբար գտավ իր ազգականին»։ Ըստ Նալջըի` ցանկանալով ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը` իրենք նպատակ են դրել այն տարածել նաև Պոլսից դուրս` Եվրոպայում, Լիբանանում, Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։ Կենտրոնացնելով բոլոր միջոցները և կապերը` նրանց հաջողվել է իրականացնել դա, և, ինչպես ասում է Նալջըն, ծրագիրը միջազգային մասշտաբ է ձեռք բերել։ Այն այժմ տարածված է Բեռլինում, Քյոլնում, Փարիզում, Բեյրութում, մի խոսքով` այն վայրերում, ուր ապրում են հայերի հոծ խմբեր։ Բաժանվել է ավելի քան 5000 հայտարարություն ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն լեզուներով։ Ստեղծվել է նաև ինտերնետային կայք, որտեղ մարդիկ կարող են հայտարարություն տալ, ինչպես նաև իրենց ազգականներին փնտրել արդեն տրված հայտարարություններում, ընդ որում` մի քանի լեզուներով ։
Ծրագրի ստեղծումը և ծավալումը, բնականաբար, նաև որոշակի հասարակական պահանջարկ ունի և կարող է հետաքրքիր ու խոսուն ցուցիչ դառնալ Արևմտյան Հայաստանի բռնի իսլամացված կամ հայկական ծագման որոշակի մաս ունեցող մարդկանց շրջանում կատարվող գործընթացները հասկանալու համար։ Բավական խոսուն է այն փաստը, որ ծրագիրն իրականացվում է հայերի շրջանում և ձնագնդի էֆեկտով լայն տարածում գտնում ոչ միայն Թուրքական պետությունում, այլև աշխարհի տարբեր մասերում ապրող հայության մեջ։ Փաստերը ցույց են տալիս, որ հայ պապիկ, տատիկ ունեցողները բավական մեծ թիվ են կազմում, որոնց կամ նոր է ասվել իրենց ընտանիքի մասին իրականությունը, կամ նրանք իմացել, բայց վախեցել են արտահայտվել։ Ահա հենց այս մարդիկ են, որ տեղեկանալով տասնամյակներ շարունակ թաքցված և գաղտնի պահված իրենց իրական ինքնության մասին՝ ապրում են «ինքնության ճգնաժամ»։ Եվ վերջում, կարծում ենք, ավելորդ չէ թարգմանաբար մեջբերել կայքում տեղադրված բազմաթիվ հայտարարություններից մեկը` միաժամանակ նշելով, որ նմանատիպ հայտարարությունների թիվն ավելանում է, ինչն իր հերթին կարող է դառնալ առանձին և հետաքրքիր ուսումնասիրության նյութ` հագեցած ինչպես փաստագրական, այնպես էլ ազգագրական տարրերով։
«Ես ծնվել եմ Էլյազիգի Մադեն գավառում։ Գիտեմ, որ մայրս հայ է և 1915թ. սև օրերին ստիպված է եղել բաժանվել ամբողջ ընտանիքից։ Մայրս ասում էր, որ իր ընտանիքից ողջ մնացածները Մարսելում և ԱՄՆ-ում են։ Գիտեմ, որ նա Էլյազիգի Թադըմ գյուղից է, և անունը Եղիսափերթ Թումասյան է եղել։ Սրանից բացի այլ տեղեկություն չունեմ։ Մայրս մահացավ 1978թ.` մոր, հոր և եղբայրների կարոտը սրտում։ Ամեն անգամ, երբ հիշում եմ մորս, շատ եմ վշտանում, որ նա մահացավ` իր ընտանիքի կարոտը սրտում։ Ցանկանում եմ գտնել մորս կողմի բարեկամներին։ Խնդրում եմ այս հարցում ինձ օգնեք։ Էքրեմ Ու.»։
Շարունակելի․․․
Աշխեն Վիրաբյան
Western Armenia tv-ի լրագրող վերլուծաբան