Հայազգի ամերիկացի քահանա, Չարլթոնի դաշնային եկեղեցու հոգեւոր հովիվ Գարի Շահինյանը Telegram & Gazette ամերիկյան պարբերականի էջերում գրառում է արել, որից մեջբերում ենք հատվածներ. «Ադրբեջանի կառավարությունը՝ խիստ ռեպրեսիվ եւ բռնակալ վարչակարգը, վաղուց է քարոզում պաշտոնական հայատյացությունը եւ բազմիցս սպառնացել է բռնի ուժով գրավել ոչ միայն Արցախը, այլեւ Երևանը և Հայաստանի այլ շրջանները, որոնք իր պնդմամբ՝ «Արեւմտյան Ադրբեջանն» են։ Արցախը կամայականորեն խորհրդային Ադրբեջանին է հանձնել Իոսիֆ Ստալինը 1923 թվականին: Ստալինը այս որոշումը կայացրել է՝ չնայած այն բանին, որ Արցախը 2500 տարի հայկական է եղել: Այն պատմական հայկական հայրենիքի մասն է, որի բնակչության 95%-ը բնիկ հայեր են եղել այն ժամանակ, երբ հանձնվել է Ադրբեջանին։ Ադրբեջանական զինուժը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակվել է Արցախի հայ խաղաղ բնակիչների վրա։ Նրանց օգնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոռումպացված զինված ուժերը:
Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ոչնչացրել է տարածաշրջանի ամենասուրբ քրիստոնեական վայրերը: Նա ակտիվորեն քարոզում է հայկական մշակույթը ոչնչացնելու արշավը, ինչպես դա արվեց Նախիջևանում, որտեղ 1920 թվականին ավելի քան 50 հազար հայ էր ապրում, բայց որտեղ այսօր հայկական ժառանգության կամ բնակչության հետք չկա: Ադրբեջանցի երեխաներին դպրոցներում պաշտոնապես հայատյացություն են սովորեցնում։ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հասկացնել է տվել, որ ցանկանում է, որ Սյունիքի ճանապարհն անցնի ինքնիշխան պետություն Հայաստանով և կապի Ադրբեջանն ու Նախիջևանը, «անկախ նրանից, Հայաստանը դա կուզի, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, հարցը ավելի հեշտ կլուծվի։ Եթե չի ուզում, ապա մենք դա կլուծենք ուժով»։
Արցախի պաշարումը կարող է լինել թուրքական կառավարության կողմից համակարգված Հայերի ցեղասպանության հաջորդ փուլը: Ադրբեջանն ակնհայտորեն ցանկանում է արմատախիլ անել Արցախի հայ բնակչությանը։ Սա ցեղասպանության դրսևորում է»: