ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ ահաբեկչություն է որակել մարտի 5-ին Արցախի դեմ Բաքվի իրականացրած դիվերսիան՝ նշելով, որ ստեղծված պայմաններում Բերձոր և Արցախ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն։ 

«Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից  Արցախում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորել է: Փաստերը վկայում են, որ սա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է: Տեղի ունեցածից հետո Ադրբեջանի պաշտոնական մարմինները տեղեկություններ տարածեցին, թե իբր օպերատիվ տեղեկատվություն են ստացել, թե Հայաստանից զենք, զինամթերք ու անձնակազմ է տեղափոխվում Արցախ և իրացրել են այդ օպերատիվ տեղեկատվությունը:

Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել: Գրեթե երեք ամիս շարունակ Բերձորի ճանապարհի արգելափակման և Արցախում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:

Արևմտյան Հայաստանը դատապարտելով Արդրբեջանի ագրեսիվ և հարձակողական գործողությունները, կոչ է անում միջազգային կառույցներին պատժամիջոցներ սահմանել բռնազավթիչ Ադրբեջանի նկատմամբ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության և միակ փաստաթուղթը, որը կարող է տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատել, դա Սևրի դաշնագիրն է։