
Օկուպացված պետական կառույցները ևս հետաքրքրված են ծպտյալ և իսլամացած հայերի խնդիրներով։ Այս մասին են վկայում ժամանակ առ ժամանակ մամուլում, վերլուծական տեղեկագրերում հայտնվող մանրամասն տվյալները կրոնափոխ հայերի ներկայիս բնակության վայրերի, թվաքանակի, նրանց շրջանում ընթացող գործընթացների մասին։ Թուրք պատմաբանները նշում են, որ թուրքական պետությունը հենց սկզբից է միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության տարիներին իսլամ ընդունած հայերին հետագայում տարբերակելու համար, և, օրինակ, համապատասխան մարմիններից պահանջվել է գրանցամատյաններում հայերի անունների դիմաց հատուկ նշումներ անել և անձնագրերը լրացնել այնպես, որպեսզի հասկացվի նրանց հավատափոխ լինելը։
Այս համատեքստում ուշադրության է արժանի Հալաչօղլուի վերոնշյալ հայտարարության մեկ այլ նրբերանգ ևս. պատմակեղծարարը հայտարարել էր, որ ունի հայ հավատափոխների ցուցակները, որոնք պատրաստվել են բծախնդրությամբ, ավելին` «պետությունը տուն առ տուն շրջելով արձանագրել է այս մարդկանց»։ Խնդիրն ավելի հետաքրքիր ենթատեքստ է ձեռք բերում նաև այն պատճառով, որ Հալաչօղլուն խուսափում է նշել կոնկրետ աղբյուրը: Բնականաբար, հարց է ծագում. եթե այդ մարդկանց գրանցել է պետությունը, ապա դա պետք է արված լիներ պետական օղակների և դրանց հատկացված գործառույթների միջոցով։ Մարդկանց գրանցելու ընդունված տարբերակներից է մարդահամարը։ Հայտնի է, որ Օկուպացված Արևմտյան Հայաստանում առաջին անգամ մարդահամար անցկացվել է 1927թ., դրանից հետո` սկսած 1935-ից, որոշում է ընդունվել մարդահամար անցկացնել հինգ տարին մեկ։ Սակայն թուրքական աղբյուրներում հանդիպում ենք տվյալների, որոնք ապացուցում են, որ, օրինակ, 1935թ. Արևմտյան Հայաստանում անցկացվել են նաև կրկնակի մարդահամարներ։ Այսպես, Թուրքական պետության Ազգային մեծ ժողովի արձանագրությունների մատյանում պահվող փաստերը վկայում են, որ 1934թ. մայիսի 29-ին Թուրքական մեջլիսն ընդունել է թիվ 2465 օրենքը, որով նախատեսվում էր 1935թ. մարդահամար անցկացնել։ Սակայն ուշագրավ է, որ մոտ մեկ ամիս անց նույն մեջլիսն ընդունել է 2576 թվագիր օրենքը «գաղտնի բնակչության» մարդահամարի մասին, որն ուժի մեջ է մտել նույն թվականի հունիսի 15-ին։
Այսպիսով, անցկացվել է երկու տեսակի մարդահամար, և «գաղտնի բնակչության» մարդահամարն ավարտվել է 1935թ. հուլիսին, իսկ «համընդհանուր»-ն անցկացվել է նույն թվականի հոկտեմբերին։ Վերոնշյալ օրենքը բաղկացած է եղել 12 հոդվածից, որոնցից առաջինը պահանջում էր, որ բոլորը 1,5 ամսվա ընթացքում տեղեկացնեն իրենց տանը կամ ենթակայության տակ գտնվող գաղտնի բնակչության մասին, չորրորդ հոդվածը 1-10 լիրա պատիժ էր սահմանում ճիշտ տեղեկություն չտվողների համար։ Բնականաբար, «գաղտնի բնակչության» մարդահամար անցկացնելու պաշտոնական պատճառաբանությունը բավական տրամաբանական էր, և չենք էլ բացառում, որ այդ մարդահամարները, իրոք, ունեցել են նաև զուտ բնակչության իրական թվաքանակը որոշակիացնելու նպատակ։ Սակայն միամտություն կլինի կարծել, թե «գաղտնի բնակչության» մարդահամարի ընթացքում լրացուցիչ չի ճշգրտվել մուսուլմանների մոտ ապաստանած կամ հետագայում իսլամ ընդունած հայերի թվաքանակը։ Պետության կողմից մանրամասն փաստեր հավաքելը, հատկապես Դերսիմ նահանգում ապրող կրոնափոխ հայերի մասին, մեր կարծիքով` ունեցել է կոնկրետ նպատակ։ Հայտնի է, որ 1938թ. թուրքական պետությունը կոտորած է կազմակերպել Դերսիմում, և պատմելով այդ մասին` դերսիմցի շատ ալևիներ մեջբերում էին իրենց ավագներից ու կոտորածի ժամանակակիցներից լսածները, որոնց համաձայն` այդ ժամանակ թուրքական բանակի թիվ մեկ թիրախը 1915-ին այնտեղ ապաստանած հայերն էին։
Ինչպես իր հուշերում գրել է մի տարեց Դերսիմցի․
«1915-ին կիսատ թողածը շարունակեցին 1938-ին, և այդ կոտորածի ժամանակ սպանվեցին մեծ թվով կրոնափոխ հայեր»։
Անվիճելի է, որ Օկուպացված Արևմտյան Հայաստանում հայերը` լինեն բացահայտ, ծպտյալ, թե իսլամացված, միշտ գտնվում են պետության լուրջ հսկողության ներքո և ընկալվում են որպես պոտենցիալ վտանգ: Սա հաստատում է նաև հետևյալ ուշագրավ տվյալը. հայտնի է, որ 1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքական պետությունում իրականացվեց ռազմական հեղաշրջում և իշխանությունն անցավ բարձրաստիճան զինվորականներից կազմված Ազգային անվտանգության խորհրդի ձեռքը, որը տեղերում նշանակեց Արտակարգ դրության հրամանատարներ, որոնք օժտված էին անսահմանափակ լիազորություններով։
1982թ. սեպտեմբերի 8-ին արտակարգ դրության հրամանատարությունը անվտանգության ծառայությունից պահանջում է տարածքներում ստուգել, թե արդյոք հայեր կամ հայկական ծագմամբ մարդիկ կան, և եթե կան, ապա գրանցել նրանց ու վերցնել հսկողության տակ։ Թուրքական պետության «Ռադիկալ» թերթը հրապարակել է նաև Թուրքական անվտանգության ծառայության նախկին մի աշխատակցի խոստովանությունը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Արտակարգ դրության հրամանատարությունից մեզ գրավոր հրաման եկավ։ Մենք ուսումնասիրեցինք մեր պատասխանատվության տակ եղած շրջանը, հարցրինք, թե արդյոք այնտեղ կան հայկական ծագում ունեցող քաղաքացիներ։ Արտակարգ դրության ժամանակաշրջանն էր, բոլորը վախենում էին, և քանի որ հայերը համարվում էին «անջատողական», ուստի, եթե կային, ոչ ոք չէր համարձակվում թաքցնել»։
Հարկ ենք համարում ավելացնել նաև, որ նմանատիպ կարգադրությունները հանրապետական Թուրքական պատմության մեջ եզակի չեն և հանդիպում են տարբեր ժամանակաշրջաններում։ Ակնհայտ է, որ թուրքական պետական տարբեր օղակներ, վերլուծական, հետազոտական կենտրոններ զբաղված են ծպտյալ և իսլամացված հայերի մասին նոր տվյալներ ձեռք բերելու գործով, և թուրքական «Աքսիոն» հանդեսում հրապարակված ցուցակը, որտեղ տվյալներ են նշվում ներկայումս Օկուպացված Արևմտյան Հայաստանում բնակվող ծպտյալ հայերի բնակության վայրերի, թվաքանակի մասին, դրա լավագույն ապացույցն է։ Հետաքրքրական է, որ թուրքական հանդեսի տեղեկության համաձայն` այդ տվյալներն անընդհատ փոփոխվում են, քանի որ աշխատանքները շարունակվում են։
Շարունակելի․․․
Աշխեն Վիրաբյան
Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան