Արևմտյան Հայաստանի Սամոսատ նահանգի անունը հայկական մեդիայում սկսեց առավել ակտիվ արծարծվել վերջերս՝ ավերիչ երկրաշարժից հետո հայ փրկարարների այնտեղ մեկնման հետ կապված: Ինչպես գիտենք՝ վերջիններս աշխատել են հենց Ադըյամանում: 2023թ. փետրվարի 6-ի ուժգին երկրաշարժից հետո, սակայն, հին Ադըյամանի պատմությունը մոտեցավ իր ավարտին: Մեծամասամբ ավերված Ադըյամանը նույն տեղում չեն վերականգնի, այլ կտեղափոխեն քաղաքը մոտակա այլ վայր եւ զրոյից կկառուցեն: Հողին կհավասարեցվի ու նորից կկառուցվի նաև տեղի ասորական եկեղեցին, որը սպասարկում էր նաեւ հայ համայնքին: Ըստ մասնագետների՝ եկեղեցու նորոգումն անհնար է: Ադըյաման նահանգում քրիստոնյա հայերից երկուսը զոհ են գնացել ավերիչ երկրաշարժին, իսլամացված հայ ընտանիքների զոհերը մի քանի անգամ ավելի են: Իսլամացված հայերի կորուստները, իհարկե, հաշվելը գործնականում բարդ է, քանի որ նրանք պետության կողմից չեն հաշվարկվում հայ համայնքի կազմում եւ նրանց կորուստների տվյալները Պոլսո Հայոց պատրիարքարանի ցուցակներից բացակայում են: Քահթա քաղաքից մի պաշտոնյայի խոսքով՝ միայն Քահթայի շրջանում 5000-8000 հայեր են ապրում։
Երկրաշարժից օրեր անց Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Պոլսի հայկական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Ադըյաման քաղաքի բնակչության շուրջ 80 տոկոսն արդեն լքել է բնակավայրը, իսկ մյուսները սպասում են հարազատների մարմինների գտնվելուն, որպեսզի դրանք հողին հանձնելուն պես նույնպես լքեն քաղաքը: Ըստ Փայլանի՝ բնակֆոնդի բացակայության ու անհրաժեշտ վրանների՝ այդպես էլ Ադըյաման չհասնելու հետեւանքով մարդկանց այդտեղ մնալը գործնականում անհնար է: Ադըյամանցիների պնդմամբ՝ որոնողափրկարարական աշխատանքները քաղաքում սկսվել են միայն երրորդ օրը, երբ փլատակների տակ մնացած շատերի ապրելու շանսերն արդեն խիստ նվազ էին: