Ինչպես հայտնի է, Սասունը միշտ էլ առանձնահատուկ դեր է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ:

Մեր օրերում ևս, հատկապես իսլամացված ու ծպտյալ հայերի թեմայի առումով, Սասունն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով։ Պետք է ասել, որ լինելով խիստ լեռնային գոտի` երկրամասը ներկայումս ծայրահեղ հետամնաց վիճակում է։ Բավական է նշել, որ ասֆալտապատ ճանապարհը հասնում է մինչև Սասոն անվանակոչված գյուղաքաղաք, իսկ այնտեղից դեպի գյուղեր տանող ճանապարհներ, որպես այդպիսիք, չկան, և միայն մեկ-երկու տարի առաջ տրակտորներով հարթեցրել են ձորերի եզրերով ձգվող նեղլիկ ուղիները, որոնցով մեքենաները մի կերպ կարող են անցնել։

Տեղի բնակիչները սովորաբար գյուղաքաղաք գնում և վերադառնում են ոտքով։ Շատ գյուղերում չկան դպրոցներ, մարդիկ հիմնականում բնակվում են մինչև 1915 թվականը կառուցված հին հայկական տներում։ Հատկանշական է, որ չնայած բոլոր գյուղերի անունները, աշխարհագրական տեղանունները պետությունը փոխել է, սակայն ժողովրդի մեջ մինչև օրս էլ օգտագործվում են հին անունները։ Օրինակ, լեգենդար Մարութա սարը ներկայումս վերանվանված է Այդընլըք դաղ, սակայն ոչ ոք այդ նոր անունով չի կոչում։ Ավելացնեմ, որ Մարութա սարը մինչև օրս էլ յուրահատուկ հոգևոր խորհրդանիշի դեր ունի Սասունում բնակվողների համար և երբեմն վկայաբերվում է որպես երդում։

 Թուրքական պետության  պաշտոնական տվյալներով` այսօր Սասունում բնակվում են թուրքեր, քրդեր և արաբներ. վերջինները գաղթել են Բասրայից և խոսում են յուրահատուկ արաբական բարբառով։ Տարբեր աղբյուրներում հանդիպում են նաև կցկտուր տվյալներ, որոնք վկայում են, որ Սասունում կան Հայկական ջարդերի ժամանակ բռնի իսլամացված հայեր և նրանց հետնորդներ, որոնց մի մասը ծպտյալ քրիստոնյաներ են, իսկ մի մասը՝ իսլամացված, օտարացած կամ այդ ճանապարհին գտնվողներ։ Սասունում են բնակվում նաև ինչ-որ առումով պարադոքսալ թվացող արաբացած հայերը և նրանց հետնորդները։ Նրանց մեջ նույնպես նկատվում են ընդհանրապես իսլամացված հայերին բնորոշ մի շարք առանձնահատկություններ։

 Այս մարդկանց նախնիների մի մասին Ցեղասպանության ժամանակ ապաստան են տվել և փրկել (հաճախ` շահադիտական նկատառումներով) տեղի մուսուլման բնակիչները՝ արաբները, քրդերը։ Փրկվելուց հետո նրանք արտաքուստ և պաշտոնական փաստաթղթերում ստիպված են եղել հանդես գալ որպես իրենց ապաստան տված ազգի ներկայացուցիչներ։ Այս մասին Օկուպացված Արևմտյան Հայաստանում գործող սասունցիների միության ներկայացուցիչ Էրդալ Յլդըրըմը իր հեդվածներից մեկում նշում է, որ ժամանակին որոշ մուսուլմաններ փրկել են իրենց պապերին, սակայն այն պատճառով, որ պապերն արհեստավորներ էին, և դա փրկողներին էլ է ձեռնտու եղել։

 «Փրկարարներն» իրենց մեջ բաժանել են ինչպես հայերին, այնպես էլ նրանց ունեցվածքը, այսինքն` կարելի է ասել, որ հայերը շահագործվել են որպես ստրուկներ, և սա հասատող պերճախոս փաստ է այն, որ փրկող աղաների մեջ տարածված է եղել «իմ հայը» հասկացությունը: Այս մասին Էրդալ Յլդըրըմն ասում է. «Մեր հարևանները, այսինքն՝ աղաները, մեզ իրար մեջ բաժանել էին։ Ամեն մի հայ ընտանիքի մի աղա էր վերցրել, և կար «իմ հայը» խնդիրը։ Մեզ պատկանող ամեն ինչ նրանք ընկալում էին իրենցը, որովհետև իրենք իրենց համարում էին մեր տերը»։ Սասունի վերապրած հայությանը և նրա հետնորդներին կարելի է բաժանել երկու խմբի. 1. ծպտյալ հայեր, 2. արաբացած հայեր, ընդ որում` երկրորդ խմբի մեջ պայմանականորեն ընդգրկում ենք նաև հայերի խառնածին հետնորդներին։

1. Ծպտյալ հայեր. նրանցից շատերին երբեմն միայն պայմանականորեն կարելի է համարել այդպիսին։

Սասունցի հայերի մի  մասը ծպտյալ կամ բացահայտ քրիստոնյաներ են։ Իրենց հուշագրություներում  Սասունցիները հպարտությամբ խոստովանում են, որ ամեն տարի հուլիսին ուխտի են գնում Մարութա սարի գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի, ինչպես իրենք են ասում. «Մարթկա սարի ուխտին», մատաղ անում, այցելում են նաև Գոմքի եկեղեցի, մոմ վառում և այլն։ Կան նաև տարիքային տարբեր խմբերի պատկանող սասունցիներ, որոնք տարբեր մակարդակով տիրապետում են հայերենին՝ Սասնո բարբառին:

Այսօրվա Սասունում բնակվող շատ հայեր կամ  նրանց հետնորդներ ազգակցական կապեր ունեն Հայաստանում, հատկապես՝ Թալինում բնակվող սասունցիների ժառանգների հետ, և որքան էլ տարօրինակ է, վերջերս այս ուղղությամբ սկսել են քայլեր արվել. տասնամյակներ անց մարդիկ գտնում են իրենց ազգականներին, որոնց մի մասը ծպտյալ է, մի մասն էլ` իսլամացված և խառնածին։

Վերջին տարիներին նկատելի է նաև արտագաղթ Սասունից դեպի մեծ քաղաքներ, հատկապես՝ Պոլիս։  Վատ պայմանների պատճառով մարդիկ ստիպված են արտագաղթել, սակայն հետաքրքիր օրինաչափությամբ չեն կտրում կապն իրենց հայրենիքի հետ, և տարին մեկ անգամ, հատկապես ամռանը, այցի են գալիս Սասուն։ Սակայն այդ գաղթի մեջ նույնպես ոմանք ասում են որ կա դրական կողմ. գալով Պոլիս ` նրանց մեծ մասը բացահայտ ընդունում է քրիստոնեություն, եթե դա հնարավոր է, եթե ոչ, ապա, միևնույն է, ձգտում է ինտեգրվել քրիստոնեական համայնքին. այցելում է պատարագների, կնունքների և այլն։ Այսինքն՝ գաղթը թույլ է տալիս նրանց մեջ առկա քրիստոնեության տարրերն ավելի խորացնել և ամրապնդել։

Ավելորդ չէ նշել, որ սասունցիներին բնորոշ համարձակությունը երբեմն նկատվում է նաև նրանց մերօրյա հետնորդների մոտ, որոնք համարձակորեն խոստովանում և փորձում են տեր կանգնել ինչպես իրենց ինքնությանը, այնպես էլ մշակութային արժեքներին։ Այսօր Սասունում պահպանված հայկական կրոնամշակութային հուշարձաններից ժողովրդի մեջ շարունակում են յուրահատուկ դեր ու նշանակություն ունենալ հատկապես 2000մ բարձրության վրա գտնվող Գոմքի և Մարութա սարի գագաթին (2973մ) գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցիները։ Թեկուզ կիսավեր, թալանված, գոմի վերածված` դրանք այսօր էլ դեպի իրենց են ձգում հազարավոր ուխտավորների, որոնց մեծ մասը ծպտյալ, իսլամացված հայերն ու իրենց հետնորդներն են։

Հայտնի է, որ թուրքական պետությունը որդեգրել և տարիներ շարունակ կիրառում է հայկական քրիստոնեական հուշարձանների ոչնչացման կամ էլ իսլամացման, թուրքացման քաղաքականություն։ Նպատակն, անշուշտ, այդ տարածքների Քրիստոնեությունը ջնջելն է։ Տարբեր դիտարկումներ թույլ են տալիս եզրակացնել, որ հայկական հուշարձանները ոչնչացնելու կամ հայկականությունը ջնջելու համար թուրքական իշխանությունները կիրառում են տարբեր մեթոդներ.

 1. Հայկական պատմական հուշարձանները մատնվում են անուշադրության և ժամանակի ընթացքում, անխնամ մնալով, ավերվում են:

2. Հայկական եկեղեցիները որպես սեփականություն հանձնվում են ներկայումս այդ տարածքներում բնակվող թուրքերին և քրդերին, որոնք էլ դրանք տնօրինում են ըստ իրենց կամքի:

 3. Պետական կարիքները պատրվակ համարելով՝ հուշարձանները քանդվում են:

 4. Հայկական կրոնամշակութային հուշարձանները զանազան միջոցներով թուրքացվում, իսլամացվում են։

2. Արաբացած հայերն ունեն առաջին հերթին մուսուլմանի ինքնագիտակցություն, սակայն չեն էլ ժխտում, որ ունեն հայկական արմատներ, բայց գերակա է կրոնական ինքնությունը։ Արաբի կամ քրդի և մուսուլմանի գերակա ինքնությամբ այս մարդիկ հայկական ջարդերի ժամանակ բռնի իսլամացված, այնուհետև ինքնությունը չպահած հայերի հետնորդներն են։

Մեր դիտարկումները թույլ են տալիս ասել, որ Սասունի արաբացած հայերի մեջ հստակ պահպանված է հայկական ծագման հիշողությունը, ուղղակի այն ծածկված է կրոնական պատկանելության շղարշով, որը շատ հաճախ օգնում է նրանց խուսափել էթնիկ ինքնության հետ կապված վտանգավոր հարցից։ Արաբացած հայերի մեջ տարածված է նաև այն մտածելակերպը, թե իրենք նախկինում հայ են եղել, սակայն հիմա մուսուլման են ։

Այս նույն խմբում պայմանականորեն ընդգրկված խառնածիններն ունեն հայկական արմատներ՝ հիմնականում տատեր և, որի մասին հիշողությունն առկա է նրանց մեջ։ Այս խումբը, ինչպես շատ այլ վայրերում, այնպես էլ Սասունում ձևավորվել է ջարդերի ժամանակ առևանգված, ի պահ վերցված հայ աղջիկների, կանանց և մուսուլմանների խառնամուսնության հետևանքով։ Ինչպես Սասունի կենտրոն Սասոն գյուղաքաղաքում, այնպես էլ գյուղերում կարելի է հանդիպել հայկական դիմագծեր ունեցող մարդկանց, հատկապես աչքի են զարնում այդ վայրերի հայերին բնորոշ կապտականաչ աչքերը, բաց մազերը։ Իսլամացված հայերի խառնածին հետնորդները նույնպես լավատեղյակ են իրենց հայկական արմատների մասին։ Սասունի գյուղերում գրեթե բոլորը գիտեին հայկական տների նախկին տերերի անունները. օրինակ, խոսքի մեջ շատ են օգտագործում «Ասատուրի տունը», «Տիգրանի տունը» արտահայտությունները։ Շատերը նաև հպարտությամբ էին ասում, որ իրենք, օրինակ, Ասատուրի թոռն են աղջկա կողմից և այլն։ Եվ հենց ջերմ հիշողություններն իրենց տատերի մասին ստիպում են շատերին դրական կամ առնվազն տարբերակված վերաբերմունք ցուցաբերել հայերի նկատմամբ։

Շարունակելի․․․

Աշխեն Վիրաբյան

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան