Արևմտյան Հայաստանի տեղանունների ուսումնասիրության խնդիրը զուտ գիտական նշանակությունից զատ, ունի նաև քաղաքական մեծ կարևորություն: Ցանկացած պատմաաշխարհագրական տարածաշրջանի պատմության, առավել ևս նրա վաղնջական շրջանի հետազոտության համար տեղանունները հսկայական նյութ են պարունակում: Այդ տեսանկյունից հատկապես կարևորվում է պատմաազգագրական այն տարածքների տեղանունների ուսումնասիրությունը, որոնք պատմագրության մեջ լուրջ վեճերի, այդ թվում` քաղաքական տարակարծությունների տեղիք են տալիս: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Ջավախքին։  Մեծ Հայքի թագավորության 15 նահանգներից տասներեքերորդի` Գուգարքի գավառներից Ջավախքը հիշատակվում է ութերորդը: 

Ջավախք տեղանունը, ինչպես երևում է Արարատյան թագավորության արձանագրություններից, մ. թ. ա. IX դարի վերջից Հայկական լեռնաշխարհի հյուսիսում հիշատակվող Զաբախա երկրի անվան տառադարձված տարբերակն է` Զաբախա-Ջավախա-Ջավախք: Ջավախքում դեռևս Ք. ա. II դարում հիշատակվող հնդեվրոպական հնագույն տեղանուններից է Ծունդան, որը ծագում է ծնունդ բառից:

Ըստ Ղևոնդ Ալիշանի` Ջավախքի մեջ մտնող Վարձիա երկրամասը հայտնի է եղել նաև Վարձունիք և Վերձառունիք անուններով: Այնտեղ, ըստ ավանդության, գտնվել է սուրբ Մեսրոպի ձեռքով դրված Վարձունյաց խաչը։

Ջավախքի տեղանվանաբանական խնդիրները դեռևս լուրջ գիտական ստուգաբանության կարիք ունեն: Ջավախքում հայանուն տեղանունների առկայությունը մի անգամ ևս գալիս է ապացուցելու, որ հայերն այս տարածաշրջանում ապրել են վաղնջական ժամանակներից և հանդիսացել այնտեղի պատմության ու մշակույթի կրողները:

Leave a Reply