Մոխրենեսի «Օխտը դռնի» վանք․

«Օխտը դռնի» վանքը գտնվում է Հադրութի Մոխրենես գյուղից 3,5 կմ հյուսիս-արևմուտք,Յուղուսեն լեռան լանջին, Գտիչ բերդի մոտ, պատմական Արցախի Սիսականի Ոստան կամ Մյուս Հաբանդ կոչվող գավառում ։ Այժմ օկուպացված է Բաքվի իշխանությունների կողմից ։ Վանքը գտնվում է ծովի մակերևույթից 1451 բարձրության վրա, լեռան անտառապատ գագաթին, դժվարամատչելի տեղանքում :

Պատմական աղբյուրները համալիրի և այսօր կիսավեր պահպանված եկեղեցու մասին տեղեկություններ չեն հաղորդում: Ավանդության համաձայն Օխտը դռնի եկեղեցին կառուցել է հայրենիքի պաշտպանության համար զոհված յոթ եղբայրների քույրը, ում գերեզմանը վանքի բակում է, կոչվում է «Քրոջ գերեզման» և հայտնի ուխտատեղի էր:

Մինչև արցախյան երրորդ պատերազմը եկեղեցին գտնվում էր ՝ կիսավեր վիճակում: 2020 թվականի աշնանը, Հադրութի շրջանը Բաքվի զորքերի օկուպացումից հետո, թշնամին գետնին է գլորել եկեղեցու մուտքին տեղադրված խաչքարը: Ներկա վիճակի մասին այլ տեղեկություններ չկան։