Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան) ազգային ազատագրական պայքարի գլխավոր դեմքերից է: 1915-ի մարտի 15-ի երեկոյան Մուրադի տուն են գալիս երեք ոստիկան, հանձնում Ալի բեյի գրությունը՝ շտապ գործով ներկայանալու հրահանգով: Մուրադը, եղբոր, եղբոր որդու եւ մի շարք ընկերների հետ փախչում է լեռները: Սկսվում է նրա ոդիսականը՝ ինքնապաշտպանական մարտեր, հիվանդություն, սով, դավաճաններով լի անտառներ, ընկերների կորուստ ու հարազատ ժողովրդի կոտորվող քարավաններ: Մուրադն իր տղաների հետ գրավում է թուրքական ձկնորսական նավ ու ճանապարհ վերցնում դեպի Բաթում: Այս ողջ ճանապարհի մասին նա օրագիր է գրում: Մուրադի քրոջ՝ Սրբուհու զինակից ընկեր Վարդան Շահբազի եւ ուրիշների պատմածների, ինչպես նաև Մուրադի օրագրի հիման վրա Զապել Եսայանը գրում է «Մուրատի ճամբորդութիւնը» եւ 1918-ին հրապարակում Բաքվի «Գործ» հանդեսի 4-8-րդ համարներում: 1921-ին առանձին գրքույկով լույս է տեսնում Բոստոնում, Հայաստանում տպագրվում է միայն 1990 թվականին:
Սեբաստացի Մուրադը «Մեկ հայը՝ մեկ ոսկի» շարժման մասնակիցներից էր ու բազմաթիվ երեխաների է փրկել: Երկար ժամանակ փնտրել է իր ընտանիքին, սակայն հաջողության չի հասել: 1918 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը հայերը Բաքվում հզոր մարտեր են մղել, որոնց մասնակցել է նաեւ Մուրադը: Օգոստոսի 4-ին դրանցից մեկի ժամանակ էլ զոհվել է: