Western Armenia tv-ին անդրադառնում է Դերսիմի ալեւիացած/արեւիացած հայերի խնդիրներին, որոնք ամբողջ 20-րդ դարի ընթացքում ստիպված եղան թաքցնել իրենց ծագումը:    19-րդ դարում սկսված ալեւիացման դանդաղ եւ շարունակական գործընթացն արագացավ 20-րդ դարում՝ 1915թ եղեռնով և 1938թ Դերսիմի ջարդերով, ինչի  արդյունքում հայերի ու ալեւիների տարբերությունը գրեթե վերացավ: Այժմ Դերսիմում «հայ» լինելը  բացառապես նշանակում է՝ հիշողություն  հայկական ծագման մասին:

20-րդ դարի սկզբում Դերսիմում հայերը, ըստ տարբեր հեղինակների վկայությունների, կազմում էին բնակչության մոտ երրորդ մասը: Դերսիմի ներսում նրանց կոչում էին «արմանի», իրենք իրենց՝ «հայ»:

Մեր ժամանակակից դարաշրջանում’ Հայերի ինքնության արտաքին բնութագիրը քրիստոնեությունն էր, հայերեն լեզուն, հայկական անունները, որոշ ժողովրդական ծեսեր, հագուստի և ուտեստի որոշ տարբերությունները: Հայերն ավանդաբար ավելի գրագետ էին, շատ գյուղերում դեռևս եկեղեցիներ կային՝ դրանց կից ծխական դպրոցներով, կապ ունեին Կոստանդնապոլսում գտնվող հայկական պատրիարքարանի և Երզնկայի ու Խարբերդի առաջնորդարանների հետ: Այլ կերպ ասած հայերն այս կամ այն կերպ ունեին ազգային ինստիտուտներ, և չնայած Դերսիմում ապրելու ցրված վիճակին՝ ընդհանուր առմամբ նրանց ազգային կյանքը կազմակերպված էր՝ կրթությունը, տոները, ուխտագնացությունները, ներքին սոցիալական հիերարխիկ սանդղակը: Նրանք, սակայն, ըստ էության, Դերսիմի ամենաստորին սոցիալական շերտն էին կազմում և, ըստ էության, չէին մասնակցում ռեսուրսների համար Դերսիմում մղվող ներքին կռիվներին: Սովորաբար հայերի ունեցվածքը հեշտ էր յուրացնել, քանի որ Դերսիմում կողոպուտը համարվում էր ապրուստի մաս, չէր դատապարտվում, իսկ հայերը կողոպուտի կենցաղում ներառված չէին: Հայերի մեծ մասն աշխատում էր նաև չխառնվել օսմանյան կայսրության կողմից Դերսիմը ենթարկեցնելու պարբերական փորձերի դիմադրությանը: Աշիրեթապետերի (առաջնորդների)  քննարկումներին հայերից հրավիրվում էին միայն նրանք, ովքեր ակտիվորեն ընդգրկված էին օսմանյան հարձակումներից Դերսիմի ինքնապաշտպանական գործողություններին, իսկ դրանք քիչ էին: Առավել հայտնի էր Միրաքյան ընտանիքը, որը Դերսիմի ներքին ըմբռնումներով  ընկալվոմ էր որպես աշիրեթ:

19դ. ընթացքում զանազան պատճառներով հայերի մի մասն արտագաղթում էր Դերսիմից, մի մասը՝ ալևիանում/արեւիանում, և նրանց թիվն աստիճանաբար նվազել էր: Կային նաև սուննիացող-քրդացող հայեր: Կրոնափոխությունը սովորաբար անհատներով չէր, այլ՝ ամբողջ բնակավայրով, մեծ մասամբ՝ գյուղերով: Ալևիացող և սուննիացող հայերն արագորեն ներառվում էին Դերսիմի ներքին համապատասխան սոցիալական շերտերի մեջ՝ այս կամ այն աշիրեթի շրջանակներում: Սակայն 19դ.-ից առաջ կրոնափոխություններն ավելի զանգվածային էին և, ըստ նյութերի, նախկին հայերը երբեմն առանձին աշիրեթներ էին կազմել և, հետևելով Դերսիմի ներքին կանոններին, զենքի ուժով իրենց տեղն էին գրավել մյուս աշիրեթների շարքում: Հայերի զանգվածային կրոնափոխությունն  սկսվել էին առնվազն 17դ.-ից  և 19դ. հասել էր մի աստիճանի, որ ոչ միայն արտաքուստ դժվար էր տարբերել հայերին ու ալևիներին, այլև ալևիկան սոցիալ-մշակութային կյանքը մեծ չափով նման էր հայկականին: 

Ալևի/Արեւի կոչվող բնակչության զգալի մասը հիանալի հիշում էր իր հայկական ծագումը, ավելին, ընթացքի մեջ էին իրենց հայ մնացած ազգականների հետ դեռևս չխզված կապերը:  Երբեմն նույն տոհմի մի մասն ալևի էր համարվում, մյուս մասը՝ հայ: «Պապս կպատմէր, որ իր մեծ պապի հօրեղբայրը Հաւլորու ս.Կարապետ վանքին երբեմն վանահայրն եղած է», «… մեր նախահայրերն էլ հայեր են եղել, նույնիսկ իմ հորեղբոր տղաները…, թեեւ խոսում են ալեւիերեն, պահում են իրենց ազգային ծագումը», Տեր Օվան «գյուղի քուրդ բնակիչները երբեք չէին ուրանում իրենց (հայկական) : Դերսիմի մասին գրող հայերի դիտարկումները և գրանցումները վկայում են, որ դերսիմցի ալևիների առնվազն մի մասի հիշողություններում ամուր նստած էր անցյալում իրենց՝ հայերից  ալևիացման պատմությունը: Օրինակ, Անդրանիկը գրում է, որ «Տէրսիմցիներուն եթէ ոչ բոլորը, գէթ մեծ մասն այն կարծիքին է, որ իրենց նախահայրերը հայեր են»:

Հայերի ալևիցման դանդաղ, տևական պրոցեսը հանգեցրել էր նրան, որ Դերսիմում հայերի և ալևիների կենցաղային մեծ ընդհանրություններ էին ձևավորվել: Ալևիացած հայերը շարունակում էին բազմաթիվ նախաքրիստոնեական և նույնիսկ քրիստոնեական ծեսեր, դերսիմյան «ալևիզմի» մեջ բազմաթիբվ քրիստոնեական և մաքուր հայկական տարրեր են սինթեզվել: Ալևիական բանավոր ավանդազրույցներում ընդհանրանում են հայերի և Դերսիմում հայտնված ալևիների ինչպես ծագումնաբանական, այնպես էլ սոցիալ-կրոնական անցյալը: Դերսիմի ալևիների «մասալաների»` պատմությունների դերակատարների մեծ մասը տեղական «հայ քեշիշը» և եկվոր «բաբան» են։ 

Ս.Գևորգը («Հազրեթ Իլիաս», «Խըդըր Էլիա»), Ս.Սարգիսը («Հազրեթի Խըդըր»), Անահիտ Աստվածուհու ֆունկցիաները ժառանգած «Անա Ֆաթիման» և Անահիտի նախկին սրբավայրերը, նույնիսկ` Մեսրոպ Մաշտոցը («Մասրուպ») և այլն, ովքեր տարբեր ձևերով դերեր ունեն դերսիմցիների պատմական անցյալում: Ժողովրդական ստուգաբանությամբ Դերսիմ բառն ինքը 17դ. սկզբներում ալևիցած հայ քահան Տեր Սիմոնի (Տերսիմոն, Դերսիմոն) անունից է արտածված: Հայկական Հալվորի Ս.Կարապետ վանքը, «որ միակ կենդանի վանքն է Տէրսիմի մէջ»՝ մեծ նշանակություն ուներ «տէրսիմցի հայերուն և ղըզըլբաշներուն առջև… Նա՝ Հաւլորու  Ս.Կարապետ, ամենու համար է, իսկ ամենը՝ նրա համար: Ամենքն ալ՝ հայ և քուրդ, հաւասարապես կպաշտէն նրան և տարին մէկ-երկու անգամ մէծագին նուերներով և զոհերով ուխտ կուգան Տէրսիմի ամեն կողերէն»: Նկատի ունենալով քրիստոնեկան հուշարձանների, գործող եկեղեցիների հետ կզլբաշների կապվածությունը, Անդրանիկը գրում է,- «դերսիմցիների հավատը հայից զորավոր է», «Քրդերը հայերից ավելի հավատ ունին»:

Չանդրադառնալով այն վարկածին, ըստ որի Դերսիմի Ալևիների/Արեւիների ծագումն առհասարակ հայկական է, վավերացնենք միայն, որ թե ալևիները, թե քրիստոնյա հայերը համարում էին, որ Դերսիմի ալևի-կզլբաշների զգալի մասը հայկական ծագում ունի:

Եթե նույնիսկ հայերի ալևիացման այս ծավալները սուբյեկտիվ ընկալման հետևանք էին, վստահաբար դրանք պետք է տագնապներ առաջացնեին հակահայկական ծրագրեր կրող իշխանությունների մեջ հայ-ալևիական հավանական քաղաքական միության շուրջ: 1890-ականներին սուննի-քրդական «համիդիե»  զինված ջոկատների կողմից իրականացված հայկական ջարդերին Դերսիմի «քուրդ» համարվող մի շարք ալևի-կզլբաշական ցեղախմբեր հակասուննիական դիրք էին գրավել և չէին մասնակցել հայերի սպանություններին:

Շարունակելի․․․

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան ՝ Աշխեն Վիրաբյան