Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է․ «Նախ, ես կարծում եմ, որ Բերձորի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Բերձորի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով»։ Դիվանագետի պատկերացմամբ՝ «այդ թափանցիկությունը» ապահովելու միջոցները բանակցությունների և քննարկումների թեմա է: Որոշ քայլեր, իր տեղեկություններով, «անցյալում քննարկվել են», նշել է նա: «Օրինակ՝ անցակետում ունենալ լրացուցիչ տեխնիկա, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել երթևեկությունը տարածքում», – ասել է Կլաարը՝ նաև հավելել, որ միևնույն ժամանակ՝ «Արցախի հայերի համար կարևոր է, որպեսզի իրենք անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում ունենան»:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև կարևորել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման կազմակերպումը: