Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության վերաբերյալ:
ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է․ «Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք:
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները նման կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ահաբեկչական և էթնիկ զտման քաղաքականությունից, ինչպես նաև հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար»։
Արևմտյան Հայաստանը դատապարտում է բռնազավթիչ Ադրբեջանի կատարած գործողությունները, որոնք ուղղված են մոլորեցնելու միջազգային հանրությանը։Մինչ օրս քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև Ադրբեջանը շարունակում է կեղծ բնապահպանական ակցիայի միջոցով փակ պահել Բերձորի ճանապարհը, Արցախում ստեղծելով պարենային լուրջ ճգնաժամ։ Իհարկե սրա նպատակը էթնիկ զտումներն են, որը ցանկանում են իրականացնել, սակայն այս ծրագիրը իրենց մոտ անհաջողության է մատնվելու։