1912 թ-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե-ի հատուկ կոնդակով ընթացիկ տարին հայտարարվեց հոբելյանական։Որոշվեց միջոցառումները սկսել 1912 թ-ի հոկտեմբերի 13-ին և ուղիղ մեկ տարի հետո` 1913 թ-ի հոկտեմբերի 13-ին (Ս. Թարգմանչաց տոնին), կազմակերպել հոբելյանական տարվա հանդիսավոր փակումը: Այն ստացավ համազգային բնույթ, ուստի և կոչվեց «Համազգային մեծ հոբելյան»:
Տոնի գլխավոր եռօրյա միջոցառումները սկսվեցին 1913 թ-ի հոկտեմբերի 11-ին:
Ինչպես Կոստանդնուպոլսում, այնպես էլ Արևմտյան Հայաստանի գավառներում միմյանց հաջորդեցին կրոնական և գրական հանդիսությունները: Բրուսայում մեծ հոբելյանը նշվեց հոկտեմբերի 25-ին՝ Ազգային վարժարանում, Բաղեշում` հոկտեմբերի 26-ին՝ Ս. Գևորգ և Խնդրակատար վանքերում: Տարոնի կենտրոնական հոբելյանական հանձնաժողովը բազմամարդ միջոցառումներ անցկացրեց Սուրբ Սահակի գերեզմանի մոտ, Սուրբ Թարգմանչաց ու Սուրբ Կարապետ վանքերում և քաղաքի տարբեր հատվածներում: Որոշված էր միջոցառումների ժամանակ հանգանակություն իրականացնել հօգուտ Սասունի պարբերական մամուլի զարգացման: Այս արժանահիշատակ հոբելյանի առթիվ Կոմիտասը պատրաստել էր «Ով մեծասքանչ դու լեզու» երգի ձայնագրությունը, որը պետք է տպագրվեր և վաճառվեր ողջ տարվա ընթացքում: 1912 թ-ին հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին տարբեր քաղաքներում լույս տեսան հայ գրի ու տպագրության պատմությունը ներկայացնող հրատարակություններ: 1913 թ. հոկտեմբերի 13-ի երեկոյան հոբելյանական տարվա փակման առիթով Կ. Պոլսի «Լեշիկի» թատրոնում ելույթ ունեցավ Կոմիտասի «Գուսան» 200 հոգանոց երկսեռ երգչախումբը:
Արևմտյան Հայաստանի մամուլը կարևորեց զույգ հոբելյանների խորհուրդը և մանրամասն լուսաբանեց իրականացվող միջոցառումները:
Տաթևիկ Ղալթախչյան, ՀՑԹԻ գիտաշխատող