Սամոսատ-Ադըյամանում, որտեղ փետրվարի 6-ին հզոր երկրաշարժեր տեղի ունեցան, բազմաթիվ մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին, ավերվեցին հազարավոր շենքեր, մեծ թվով շենքեր ու կառույցներ, այդ թվում՝ պատմամշակութային, վնասներ կրեցին։
Ալևիական «Ուրյան Հըզըր օջախ»ի անդամներից Վելի Բյույուկշահինը այսպես նկարագրեց 150-ամյա Ալևիական Օջախի հանդեպ նահանգապետի կայացրած որոշումը․«Երկրաշարժը տեղի ունեցավ Ալեվիներով խիտ բնակեցված տարածաշրջանում, որտեղ գտնվում է ալևի համայնքին պատկանող շատ կարևոր մշակութային ժառանգություն։ Այդ ժառանգությունը մեզ է հասել հարյուրավոր տարիների խորքից։ Դրա օրինակներից մեկը «Ուրյան Հըզըր օջախն» է, որի որդիներից մեկը ես եմ։ Ցավով պետք է նշեմ, որ այս սրբավայրը երկու օր առաջ քանդեցին, հողին հավասարեցրեցին։ Մենք ականատես ենք լինում մի փաստի, թե ինչպես են պետական մարմինները արհամարհանքով մոտենում մեր հավատքին և ուզում են սրբավայրը վերածել ավերակի։ Այս ժառանգությանը չպետք է վերաբերվեին որպես ավերակ։ Պետք է հաշվի առնվեր պատմական, մշակութային և կրոնական նշանակությունը։ Երկրաշարժից հետո մենք պատերին տեսաանք ճաքեր, սակայն պատկան մարմինները որոշեցին, որ վթարային է և մեծ արագությամբ շինարարական տեխնիկայով քանդեցին մեր սրբավայրը։ Այսպիսով, հինգ սերունդներից մնացած մշակութային և հավատքի ժառանգությունը ոչնչացվեց»: