Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո Սիրիա հասած հայ տարագիրների վիճակը ծանր էր: Նրանք Սիրիայում էին հայտնվել մի ժամանակաշրջանում, երբ դեռ Առաջին համաշխարհային պատերազմը չէր վերջացել, սով էր ու երկիրը դեռ համարվում էր Օսմանյան կայսրության մաս: Սիրիայի պատմության այդ ժամանակահատվածի իրադարձություններում Մեքքայի շերիֆ ու էմիր Հուսեյն իբն Ալիի որդի Ֆեյսալը զգալի դերակատարում է ունեցել: Նրա հետ է կապվում Սիրիայի ազատագրումը, ինչպես նաև նրա դերը մեծ էր հայ տարագիրների վիճակի բարելավման ու կայացման խնդիրներում: Ֆեյսալն ի սկզբանե հայ տարագիրների նկատմամբ դրական էր տրամադրված. հայ տարագիրներին ցուցաբերվող աջակցությունը դրվում է ամուր հենքի վրա և կատարվում օրենքի և պաշտոնական հրամանների շրջանակներում: Ֆեյսալ իբն Հուսեյնի աջակիցներից էմիր Ալի Նասերը, նշանակվելով Հյուսիսային Սիրիայի արաբական զորքերի ընդհանուր հրամանատար, 1918թ. դեկտեմբերին Հալեպում կազմակերպում է հայ տարագիրներին նյութական միջոցներ տրամադրելու գործը:
1919 թ. հունվարին էմիր Ֆեյսալը Փարիզում հանդիպել է Պողոս Նուբար փաշային` նրա հետ քննարկելով Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի հայ գաղթականների վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները և հայ-արաբական հարաբերությունների հետ կապված որոշ հարցեր: Տարածաշրջանում ստեղծված այս բարդ իրավիճակում Սիրիայում ընդունվում են կառավարական մի շարք որոշումներ, որոնք իրենց նպաստ են բերում հայ տարագիրների փրկության և հայկական միջավայր վերադառնալու գործին: Դրանց թվում է 1919 թ. հունվարին Ֆեյսալի հրամանը, որը տպագրվել է նաև Հալեպի «Աթ-Թակադդում» թերթում՝ հայ կանանց, երեխաներին, աղջիկներին հայկական միջավայր վերադարձնելու վերաբերյալ:
Անգամ պատիժ էր սահմանվում կանանց և երեխաներին վերադարձնել չցանկացողների կամ թաքցնողների համար:
Ֆեյսալի այս հրամանից հետո լայն թափ են ստանում անապատներից հայ տարագիրների հավաքագրման աշխատանքները: Ֆեյսալի՝ 1919 թ. հունիսի 25-ի հրամանագրով Լ. Յոթնեղբերյանի խումբը սիրիական իշխանությունների կողմից պաշտոնապես լիազորվել էր Հաուրանի հայերին ընդունելու և նրանց երկաթուղով Դամասկոս և Դերա տեղափոխելու պատասխանատու: Ֆեյսալի աջակցությունը մեծապես հեշտացնում է գերեվարված կանանց և երեխաների որոնողական աշխատանքները:
Հայ տարագիրների վիճակը փոքր-ինչ բարելավում է հայ տարագիրներին ամսականներ և սնունդ տրամադրելու վերաբերյալ կառավարության որոշումը, ինչպես նաև Ֆեյսալի` Հալեպի հայ վաճառականների պարտքերի հետաձգման մասին 1919թ. մարտի 26-ի որոշումը:
Ֆեյսալն ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ քաղաքականություն է վարել, իսկ հայերին աջակցելը՝ դարձրել դրա կարևոր կետերից մեկը: 1919թ. մայիսի 9-ին, Դամասկոսի կառավարական տանն արված պաշտոնական հայտարարությունում նա ևս մեկ անգամ հաստատել է իր դիրքորոշումը: Ֆեյսալի և նրա համախոհների աջակցությանը զուգահեռ հայ տարագիրների վիճակի բարելավումն իրականացվում էր նաև ազգային, բարեգործական և միսիոներական կազմակերպությունների գործունեության շնորհիվ: Այս ժամանակահատվածում վերակազմվում են արդեն գործող որբահավաք հանձնաժողովները, ստեղծվում են նորերը, որոնք սկսում են ավելի կենտրոնացած ու արդյունավետ գործել` դուրս գալով ընդհատակյա գործունեությունից:
Ֆեյսալի իշխանության տարիներին հայ տարագիրները փորձում էին սոցիալապես կայանալ, ինտեգրվել երկրի սոցիալ- տնտեսական կյանքին: Չնայած քաղաքական, կրոնական, լեզվական և այլ խոչընդոտող հանգամանքներին, դարասկզբին Սիրիայում հայտնված հայ տարագիրները կարողանում են համագործակցել սիրիացի արաբների հետ` աստիճանաբար վերաձևավորելով տեղի հայ համայնքը:
Նարինե Մարգարյան