Ալևի-արևի  կզլբաշների (կարմրագլուխներ) հայամետ թվացող դիրքորոշումը չէր կարող չանհանգստացնել հակահայկական քաղաքականություն վարող իշխանություններին: Թուրքական պետությանը հայտնի էր այն ժամանակ մեծ տարածում ունեցող պատկերացումը՝ «ալևիների և հայերի միջև տարածությունը սոխի կճեպից մեծ չէ»:

«Կզլբաշների»՝ սուննիներից տարբերվող մասնավոր ինքնության ընդգծումը տագնապներ էր առաջացնում նաև երիտթուրքերի մոտ, և նրանք այդ ինքնության դեմ պայքարելու համար շահեկան բացատրություններ էին փնտրում «հայկական կոնտեքստում»: Երիտթուրքերից Ռիզա Նուրը հավանաբար երիտթուրքերի ընդհանուր մոտեցումն էր ներկայացնում այս խնդրին, ասելով, թե «Թուրք կզլբաշների»՝ սուննիներից տարբերվող մասնավոր ինքնությունը Աբդուլ Համիդի II շրջանի «հայկական կեղծ քարոզչության հետևանք է»: Ակնհայտ է, որ Դերսիմի ալևի-կզլբաշների հանդեպ իշխանության քաղաքական վերաբերմունքն արտածվում էր և առնվազն վերջին հարյուր հիսուն տարիներին արտածվել է ոչ միայն սուննիզմին հակառակվող ալևիական ինքնամեկուսացումից, այլև հայ-ալևիական մասնավոր անցյալից: Ամենից ավելի լավ դա հայտնի էր Դերսիմի ալևիներին-: Բոլոր դեպքերում 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության նախապտարաստման և իրականացման գործողությունները մեծ տագնապներ էին առաջացրել Դերսիմի ալևիների շրջանում: Հաստատուն համոզմունք կար, որ հաջորդ քայլը լինելու է իրենց ալևիական ինքնությունից հրաժարման հարկադրանքը, եթե ոչ կոտորածները: Դա լուրջ պատճառ էր, որ Դերսիմի ալևի հավաքականության «հայկական ծավալը» զգալիորեն «նվազեցվի», առնվազն 1915թ. և դրանից հետո այդ մասին չխոսվի: Թե ալևիները, թե քսաներորդ դարից առաջ ալևիացած հայերը շահագրգիռ էին Դերսիմի ալևիների «հայկական ծավալը» շուտափույթ մոռացության տալու, որքան էլ այդ «հայկական ծավալը» նշանակալի չէր:

Սակայն որքան էլ Դերսիմի թե հայերի, թե ալևի-կզլբաշների համար 20-րդ դ. սկզբին ցանկալի էր հայկական ներկայությունը ալևի-կզլբաշների հավաքականության մեջ առավելագույնս մոռացնել, այնուամենայնիվ քսաներորդ դարի իրողությունները՝ 1915-1923թ. ցեղասպանությունը, 1938թ. Դերսիմի  ալևիների և հայերի կոտորածները, դրանց հաջորդած հետապնդումները նոր հայկական համալրումներ առաջացրին Դերսիմի ալևիների մեջ՝ առաջ բերելով ինքնության փնտրտուքի նոր խնդիրներ:

Հայտնի է, որ մինչև 1938թ. Դերսիմի լեռնային շրջաններում դեռևս հայկական բնակավայրեր էին մնացել, ինչպես նաև շարունակում էր գործել Դերսիմում հանրահայտ և Դերսիմի ալևի ու քրիստոնյա բնակիչների համար հավասարապես սրբազան Հալվորի Ս.Կարապետ վանքը: 1938թ. Դերսիմի բնակչության ջարդերն, ըստ էության, սկսվեցին հենց հիշյալ վանքի պայթեցումով: 1938թ.-ը Դերսիմում դեռևս առկա հայ քրիստոնյա բնակչության համար մասնավոր կարևորություն ունեցավ նաև հանգամանքով, որ անմիջապես վերջ դրեց հայկական ինքնության դրսևորման որևէ կերպի: Այստեղի վերջին հայերն ամբողջովին ալևիացան, իրենք իրենց արգելեցին հայերեն խոսել և, չնայած տեղի բնակչությունը հիանալի իրազեկ էր ալևիացած հայկական գյուղերի գոյությանը, բայց հայկական կյանքի որևէ դրսևորում դադարեց ոչ միայն Դերսիմում ընդհանրապես, այլ նաև Դերսիմի հայկական բնակավայրերում: Կան բազմաթիվ պատմություններ  թե ինչպես վերջնականապես վերացավ հայկականության որևէ դրսևորում: Ահա մի համառոտ պատմություն Դերսիմում պատմվող բազմաթիվ պատմություններից.

Թունջելիում ապրող քառասնամյա Իբրահիմի պատմությունից, 2011թ.

«Մենք Վարդենիկ գյուղից ենք, այսինքն հայրս էր վարդենիկցի, բայց ես էլ եմ ծնվել Վարդենիկում: 1994թ. Վարդենիկն ավերել են զինվորները և այնուհետև արգելել են այնտեղ ապրել: Ես հիմա Թունջելիում եմ ապրում: Վարդենիկը մեծ գյուղ էր: Բոլորը հայեր էին, ալևի հայեր: Մենք հայդարաներից ենք, բայց չգիտեմ ե՞րբ և ինչպե՞ս ենք հայդարան դարձել, որովհետև առաջ, երբ մեր ծնողները դեռ հայ էին, իրենք միրաքյաններից էին: Գուցե 1938թ. հետո, գուցե և 1915թ. հետո:  1915թ. մեր գյուղ չեն մտել: Բայց նրանց էլ ջարդեցին 1938թ.-ին: Բոլորն էլ այստեղ գիտեն, որ հայդարաներն ու դեմալարները նախկին հայերն են:

1938թ.-ի ջարդերը 1915-ի նման չէր: 1938թ. առաջ լրտեսները հաշվետվություններ էին կազմում, կասկածելի մարդկանց ու գյուղերի ցուցակներ կազմում: Այդ ցուցակներով էլ հետո կոտորեցին… 1938-ին, երբ որ դերսիմցիներին էին կոտորում, այն ժամանակ Դերսիմի հայերին հատուկ ջարդեցին: Վարդենիկն այդ ժամանակ բոլորովին դատարկել են, բոլորին տարել են Քոջաքոչ ու ոչնչացրել, նույնիսկ երկու տարեկան երեխաներին: Այնպես են ոչնչացրել, որ դրանց դիակներն անգամ չէին կարողանում  գտնել: Այդտեղ սպանվել են նաև պապս ու տատս: Միայն հայրս է փրկվել լեռնային մի գյուղում, ութ տարեկան էր:  1945-47թթ. իմ հոր նման մի քանի երեխա, մի քիչ մեծանալով` ետ են գնում Վարդենիկ, մի 30 հոգի: Ջարդերն արդեն ավարտվել էին: Գյուղ գնալուց հետո դարձել է ալևի-արևի: Արդեն ով որ հայերից փրկվել էր 1938-ին, բոլորն էլ ալևի դարձան: Հայրս Վարդենիկ վերադառնալուց հետո է ալևի դարձել, դա արդեն 40-ական թվականներից հետո էր: Բայց 80-ական թվաններին նորից թուրքական պետությունը ստիպեց դատարկել գյուղը:.. 1993-ին, ովքեր դեռ չէին հեռացել, ջարդելով հանեցին գյուղից:  Դրանից հետո մինչև այսօր Վարդենիկ գնալն արգելված է:…

 Ես նույնիկս չգիտեմ, իմ ծնողները հայերեն գիտեի՞ն, թե ոչ: Գուցե և գիտեին, բայց չէին խոսում: Մեր ներկայությամբ երբեք չեն խոսել: Ընդհանրապես հայերեն խոսելը վտանգավոր էր: Իմ սերնդակիցներից ոչ ոք հայերեն չգիտի: Իմ ծնողները, առավել ևս պապերս հայ քրիստոնյա են եղել, հայեր են եղել: Մեր հայրերն ալևի են դարձել 1938-ից հետո:  Իմ հայրն իմ անունը Իբրահիմ է դրել, որովհետև  դա Աբրահամն է, հայերն Աբրահամ են ասում: Հայրս էլ հատուկ այնպիսի անուն է դրել, որ հայերն էլ ունեն: Այստեղ, Թուրքական պետությունում, այլ անուն չէր կարելի դնել: Երեսունական թվականներին արգելեցին, բոլորը պիտի մահմեդական, թուրքական անուններ ունենային: Հիմա այստեղ հայեր չկան, բոլորս էլ ալևի ենք: Բայց բոլորն էլ գիտեն՝ ով է հայկական ծագումով: Բոլորն էլ գիտեն, որ վարդենիկցիները ծագումով հայեր են: Համ էլ հիմա ի՞նչ տարբերություն՝ ալևի թե հայ, երկուսին էլ կառավարությունը չի սիրում:

Որքա՞ն է «հայկական ծավալը» Դերսիմի ներկայիս բնակչության մեջ: Հազիվ թե որևէ մեկը կարողանա պատասխանել այս հարցին: Մի կողմից 20-րդ դ. ընթացքում հայերը շահագրգիռ են եղել թաքցնել իրենց հայկական անցյալը, մյուս կողմից ալևիություն ընդունելուց հետո հայ-ալևիական ամուսնությունները դարձել են նախ՝ հաճախակի, ապա՝ համատարած: Եթե մինչև 1993-1994թթ. լեռնային բնակավայրերի բռնի տեղահանությունը որոշ հայկական էնդոգմիա էր պահպանվում ալևիացած հայերի բնակավայրերում, ապա վերջին քսանամյակին դա նույնիսկ ցանկության դեպքում գործնականում անհնար էր: Խառն ամուսնությունները և հայ լինելը մոռացության տալու ջանքերը իսպառ ջնջել են «հայության», այդ թվում՝ «ալևի հայության» որևէ տեսանելի կամ մեկնաբանելի բնութագրիչ: «Հայ» լինելը նեկայիս Դերսիմում բացառապես հայկական ծագման մասին հիշողությունն է։

Ուշագրավ է, որ  քսաներորդ դարում ալևիացած հայերից ավելի վաղ ալևիացածները հղում չեն անում իրենց ծագումնաբանական անցյալին, և որևէ զգայական կոնֆլիկտ չունեն «զազա-կըզըլբաշա-ալևիական» ինքնության հետ: Նրանց հնարավոր հայկական անցյալի մասին կարող են վկայել որոշ մշակութային սովորություններ, ինչպես. «Դերսիմում կզլբաշների մոտ սովորության կա, որ երեխան երբ հիվանդանում է, տանում են հայկական եկեղեցիներ, եկեղեցու հողից երեխային տալիս են խմելու, կուրբան են անում…»: Այս երևույթները Դերսիմում ամենուր են, բայց՝ միայն ալևիական միջավայրում:

Ինքնության տերմինի ընտրության  քննարկումները Դերսիմի ալևիների մեջ  այսօր ավելի, քան հավանաբար երբևէ, վեր է ածվում զգացմունքների բուռն ու կրքոտ բախումների, առաջացնելով խոցելի էքզիստենցիալ վիճակ: Յուրաքանյուր տերմինի կողմնակից իր փաստարկն ունի՝ պատմական, ծագումնաբանական, քաղաքական, զգայական, ավանդական մշակութային, կրոնական…

Շարունակելի․․․

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան ՝ Աշխեն Վիրաբյան

Leave a Reply